Երևանում իրանցու վարձակալած տանը հայտնաբերվել է նրա դին՝ կախված վիճակում

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Իրանի քաղաքացու մահվան դեպքի առթիվ:

Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, երեկ ժամը 14:55 ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր փողոցի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կախված վիճակում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը նշված տանը բնակվել է վարձակալական հիմունքներով և Իրանի քաղաքացի է։ «Նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել 2017թ. մարտի 29-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում՝ վարձակալած բնակարանի հյուրասենյակի դռան աջ հատվածում առկա փայտյա ճաղավանդակի վերևի տախտակից պարանով կախվելու միջոցով», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Իրանի քաղաքացու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: