Բելառուսում ակտիվիստների ձերբակալությունները շարունակվում են

Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողին, Մինսկ, 26-ը մարտի, 2017 թ․

Արևմտյան առաջնորդները Մինսկին կոչ են անում դադարեցնել բռնությունները ընդդիմադիրների և ակտիվիստների նկատմամբ:

Մինսկում հակակառավարական ցույցերից չորս օր անց էլ ընդդիմադիրների ձերբակալությունները չեն դադարում: Ինչպես հաղորդում է «Ազատության» բելառուսական ծառայությունը, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով երեկ երեկոյան ճաղերի ետևում է հայտնվել նաև Պատմության թանգարանի գիտաշխատող Ալեքսանդր Զիմնիցկին:

Անցած շաբաթավերջին կազմակերպված ցույցերից հետո տասնյակ ակտիվիստներ շարունակում են մնալ կալանքի տակ: Իսկ նրանք, ովքեր արդեն կրել են պատժաչափը, պատմում են բանտերում իրենց նկատմամբ կիրառված կտտանքների ու դաժան վեաբերմունքի մասին: Ընդ որում, ոչ բոլորին է հաջողվում պատիժը կրելուց հետո տուն վերադառնալ: Երիտասարդական կամակերպություններից մեկի ակտիվիստ Նատալյա Պապկովային, օրինակ, 7-օրյա կալանքի ավարտին՝ այսօր, կալանավայրի մուտքի մոտ կրկին ոստիկաններն են դիմավորել ու դարձյալ բերման ենթարկել, այս անգամ՝ հոգեբուժական փորձաքննություն անցկացնելու պատրվակով:

«Մենք ընդամենը կստուգենք՝ մեղսունա՞կ է նա, թե ոչ, մասնագետները հետազոտություն կացնկացնեն և բաց կթողնեն»,- պատճառաբանել են իրավապահները: «Նրանք ուղղակի ծաղրուծանակի են ենթարկում մարդուն, փոխարենն այսօր ազատ արձակեին՝ տարել են զրույցի, հիմա էլ, լսեցինք՝ տանում են հերթական, արդեն երրորդ հոգեբուժական փորձաքննության»,- ասում են ակտիվիստները:

Ցույցերը մեկնարկել էին շաբաթներ առաջ, երբ նախագահ Լուկաշենկոն որոշեց կյանքի կոչել «Պորտաբուծության մասին» օրենքը, որը պարտավորեցնում է տարեկան 183 օրից պակաս աշխատող բելառուսցիներին մոտ 200 դոլարի չափով գումար վճարել պետբյուջե։ Անցած շաբաթավերջին հարկային այս նորամուծության դեմ բողոքի ալիքը հասավ գագաթնակետին: Իշխանությունը բիրտ ուժ կիրառեց, հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցն, մի քանի տասնյակը բռնության ենթարկվեցին՝ տեղափոխվելով հիվանդանոցներ: «Այդ օրը մարդկանց հետ վարվում էին ինչպես գնդակի հետ՝ աջուձախ շպրտելով»,- «Ազատության» ուկրաինական ծառայությանը պատմել է ցույցերին հետևող բրիտանացի անկախ լրագրող Ֆիլիպ Ուորվիքը:

«Ինչ-որ մի պահի ինձ պատին դեմ տվեցին, ես փորձում էի իմ ետևում կանգնած ոստիկանին բացատրել, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, որ ինչ-որ թյուրիմացություն կա: Ի պատասխան, սակայն, նա օղակի մեջ առավ վիզս, հարվածեց ոտքերիս՝ տապալելով գետնին: Կողքիս մի երիտասարդ կար, շշուկով զգուշացրեց՝ աղմուկ մի արա, ենաթարկվիր նրանց պահանջներին, իսկ հետո աշխարհին պատմիր՝ ինչ է իրականում կատարվում Բելառուսում»,- պատմում է լրագրողը:

Նախագահ Լուկաշենկոն, որն ավելի վաղ հայտարարել էր, թե իր երկրում թույլ չի տա իրադարձությունների զարգացում ուկրաինական սցենարով, վերջին դեպքերին առայժմ չի անդրադարձել: Այսօր էլ նա պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենաստան՝ երկկողմ հարաբերությունները քննարկելու:

Մինչ այդ, արևմտյան առաջնորդները շարունակում են ուղերձներ հղել Մինսկին՝ կոչ անելով դադարեցնել բռնություններն ընդդիմադիրների նկատմամբ: Նախօրեին, մասնավորապես, Լուկաշենկոյի գործողությունները դատապարտող հայտարարություններ են տարածել ՄԱԿ-ի՝ Բելառուսի հարցով համազեկուցող Միկլոշ Հարաշտին, Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն ու Եվրախորհդարանի յոթ տասնյակ պատգամավորներ՝ կոչ անելով ազատ արձակել ձերբակալվածներին ու երաշխավորել հավաքների ու խոսքի ազատությունը: Ավելի վաղ նույն կոչով Մինսկին էին դիմել նաև պաշտոնական Վաշինգտոնն ու Բրյուսելը: