Դեռ հարաբերական հասկացություն է, թե ով է իշխանություն և ով՝ ընդդիմություն, երեկ Ազատության հրապարակում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ հայտարարելով, որ դաշինքը վճռական քայլերով գնում է իր նպատակներին հասնելու։
«Ազատություն». - Պարոն Օհանյան, Դուք առաջին անգա՞մ եք մասնակցում այսպիսի միջոցառման։
Օհանյան. - Քաղաքական առումով՝ այո՛, բայց այսպիսի համախմբված առաջ գնալու, հարձակվելու, զինվորական տարբեր միջոցառումներում՝ ո՛չ։
«Ազատություն. - Մեկ տարի առաջ կպատկերացնեի՞ք Ձեզ այս կարգավիճակում՝ առաջնորդել ընդդիմության երթը, և, փաստորեն, Սերժ Սարգսյանի պաշտոնանկության կոչեր են հնչում...
Օհանյան. - Այնտեղ, որտեղ ժողովուրդն է, մենք ժողովրդի հետ միասին ենք, ես միշտ պատկերացրել եմ ինձ զինվորի հետ, հասարակ մարդու հետ, ժողովրդի հետ, և բազմիցս անգամ ասել եմ՝ դեռ հարաբերական հասկացություն է՝ ով է իշխանություն և ով է ընդդիմություն, որովհետև Սահմանադրությամբ մեզ վերապահված իրավունքների շրջանակներում ապրիլի 2-ին է լինելու իշխանությունը և ձևավորվելու ընդդիմությունը։ Այնպես որ մենք վճռական քայլերով գնում ենք մեր նպատակներին հասնելու համար։
«Ազատություն». - Այնուամենայնիվ, պարոն Օհանյան, ձեր դաշինքի հարցումներով՝ առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, սա նշանակում է, որ դուք ավելի հակված եք կոալիցիոն կառավարության, եթե բարձրաձայնում եք այդպիսի բան։
Օհանյան. - Կողմնակից ենք լայն համախմբման, լայն կոնսոլիդացիայի, որը որ կստեղծի այն բևեռը, կամ այն ճակատը, որը որ իրականության մեջ փոփոխություններ կմտցնի մեր հայ ժողովրդի կյանքում։
«Ազատություն». - Դա կարող է լինել, օրինակ, Ծառուկյանի հետ կոալիցիա՞, այդպիսի ձևաչափ պատկերացնո՞ւմ եք։
Օհանյան. - Մենք մեր պատրաստակամությունը արտահայտել ենք, նաև կոչով ենք դիմել։
«Ազատություն». - Եվ նորից պնդում եք, որ բացառությունը Հանրապետակա՞նն է, պարոն Օհանյան։
Օհանյան. - Պնդում ենք ինչ առումով՝ որ փոփոխություններ են պետք: Եթե լինի նույն Հանրապետականի հետ, չեմ կարծում, թե խորը փոփոխություններ են լինելու, դրա համար մենք պետք է ձևավորենք մե՛ր ճակատը, ձևավորենք մե՛ր ուժը, որը որ պետք է գնա հաղթանակի։
«Ազատություն». - Հետընտրական զարգացումների մասով ի՞նչ կարող եք ասել։
Օհանյան. - Կուզեի, որպեսզի չլինեին մեծ խախտումներ, չլինեին լայնածավալ ընտրակեղծիքներ։ Մենք կլինենք ժողովրդի կողքին՝ ժողովուրդն ինչ կթելադրի, այն էլ մենք կանենք։
«Ազատություն». - Իսկ եթե այնուամենայնիվ լինե՞ն։
Օհանյան. - Կփորձենք խաղաղ ճանապարհով, կփորձենք օրենքի գնով հասնել ամեն ինչի։
«Ազատություն». - Նկատի ունեմ՝ դաշինքը տեր կանգնելո՞ւ է ձայներին։
Օհանյան. - Իհարկե տեր կանգնելու ենք, ոչ թե ձայներին, այլ յուրաքանչյուր մեր համակրի, յուրաքանչյուր գաղափարակցի արժանապատվության, պատվի կողքին կանգնած ենք լինելու, այնպես ինչպես կանգնած եղել ենք։
«Ազատություն». - Այդ թվում՝ փողոցային, հանրահավաքային պայքարով։
Օհանյան. - Ժողովուրդը կհուշի մեզ։