«Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան» դաշինքն այսօր հանրահավաք անցկացրեց Երևանի Ազատության հրապարակում, ինչին հետևեց երթ քաղաքի կենտրոնական փողոցներով:
Հանրահավաքն անցկացվում էր «Ազատություն Սամվել Բաբայանին», «Բաբայան՝ քաղբանտարկյալ» և նմանատիպ կարգախոսների ներքո, թեև մարտի 22-ին՝ Վրաստանից Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու գործի շրջանակներում կալանավորված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ըստ վերջինիս փաստաբանի, իրեն քաղաքական բանտարկյալ չի համարում:
«Սամվել Բաբայանը մինչ այդ արտահայտվեց, որ «Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան» դաշինքի ակտիվ աջակիցն է, և աջակցելու է բոլոր հնարավոր միջոցներով: Այսինքն՝ այս ամեն ինչը համադրելով մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալ է և այստեղ ոչ որևէ հակասություն է պետք գտնել, ոչ էլ», - «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ համար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: