Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ծեծի են ենթարկել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Սերգեյ Խազով-Կասիային և Անդրեյ Կոստյանովին:
Ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ լրագրողները ժամանել էին Կրոպոտկին քաղաք՝ լուսաբանելու այսօր նախատեսված ֆերմերների երթը: Առավոտյան հյուրանոցի մուտքի մոտ նրանց վրա հարձակվել են դիմակավորված անհայտ անձինք, որոնք ծեծի են ենթարկել լրագրողներին և խլել նրանց համակարգիչն ու նկարահանման սարքերը, ապա՝ անհետացել:
Օպերատոր Անդրեյ Կոստյանովը հիվանդանոցում է՝ կողի կոտրվածքով, Սերգեյ Խազով-Կասիան լուրջ վնասվածքներ չունի:
Լրագրողները ոստիկանություն են կանչել, որը բավական ուշ է ժամանել: Թեև տուժողները տեսել են հարձակվողների ավտոմեքենայի պետհամարանիշը և հայտնել այն իրավապահներին, առայժմ հայտնի չէ՝ արդյոք նրանք հայտնաբերվել են:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը անընդունելի է համարել «ավազակային հարձակումը» իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ: Հատուկ հայտարարությունում նա պահանջել է համակողմանի քննություն իրականացնել միջադեպի կապակցությամբ, որպեսզի այն չդառնա Ռուսաստանում լրագրողների դեմ հերթական անպատիժ մնացած հանցագործությունը: