Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն իրեն քաղաքական բանտարկյալ չի համարում։ Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան` ասաց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը՝ նշելով, որ Սամվել Բաբայանը վաղաժամ է համարում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքն, ինչպես նաև կալանավորումը քաղաքական ենթատեքստում դիտարկելը։
«Ազատություն». - Սամվել Բաբայանը Ձեզ հետ այս գործի քաղաքական դրդապատճառների մասին խոսե՞լ է։
Քալաշյան. - Ես հայտնում եմ այն կարծիքը, որը բխում է Սամվել Բաբայանի կարծիքից՝ այս պահի դրությամբ Սամվել Բաբայանը նույնպես վաղաժամ է համարում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքն, ինչպես նաև կալանավորումը դիտարկել քաղաքական ենթատեքստում, վաղաժամ է համարում, որովհետև դեռ հստակ դրա պատասխանը չունի՝ ինչպես նա, այնպես էլ ես։ Եթե գործի նախաքննության վերջում մենք համոզվենք, որ չի հիմնավորվում պարոն Բաբայանի մեղքը իրեն մեղսագրվող արարքում, բայց մեղադրանքները շարունակվեն մնալ, նույն մեղադրանքները շարունակվեն մնալ, ապա այդ ժամանակ նոր կարելի է որոշակի կարծիք կազմել։ Այս պահի դրությամբ մենք նման հիմքեր չունենք։
«Ազատություն». - Առայժմ Սամվել Բաբայանն իրեն քաղաքական բանտարկյալ չի համարում։
Քալաշյան. - Միանշանակ՝ ոչ։
Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ առնչություն չունի։
«Ազատություն». - Նախևառաջ կուզենայի Ձեր գնահատականը դատախազության հայտարարության հետ կապված, որտեղ նշվում է, որ Սամվել Բաբայանը, ինչպես նաև կալանավորված մյուս երկու անձինք ընդունել են իրենց առնչությունը զենքի ներկրմանը և դրա հետ կապված տվել են որոշակի մեկնաբանություններ։ Դրան հետևեց Ձեր հայտարարությունը, որ «դատախազությունը յուրովի է մեկնաբանել Սամվել Բաբայանի ասածները»։ Սա ի՞նչ է նշանակում, կարո՞ղ ենք հասկանալ, որ Սամվել Բաբայանը «Իգլա» համալիրի ներկրման հետ կապված որոշակի առնչություններ ունի, որ մեկնաբանություններ է տվել և դրանք էլ դատախազությունն այլ կերպ է մեկնաբանել։
Քալաշյան. - Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ առնչություն չունի։ Առաջադրվել է կոնկրետ մեղադրանք, Սամվել Բաբայանին վերագրվել են կոնկրետ արարքներ, որն իբր նա կատարել է, սակայն ես գտնում եմ, որ բավարար հիմքեր չկան նման մեղադրանք առաջադրելու համար, որովհետև այս փուլում ինձ ներկայացված նյութերից որևէ կերպ չի հիմնավորվում, որ Սամվել Բաբայանը կատարել է այդ արարքները՝ պատվիրել է, որ այդ «Իգլա» տեսակի զենքը բերվի Հայաստան, խոստացել է, որ պետք է վճարում կատարի այդ զենքը ձեռք բերելու համար, այդ կապակցությամբ ինչ-որ հանձնարարություններ է տվել ոմանց... Սամվել Բաբայանը ոչ մի նման գործողություն չի կատարել։ Որ Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը կտարված հանցագործությանը, դա միանշանակ իրականությանը չի համապատասխանում։
«Ազատություն». - Այսինքն՝ Գլխավոր դատախազությունը կեղծ տեղեկատվությո՞ւն է հրապարակում, պարոն Քալաշյան։
Քալաշյան. - Ես չէի ասի, որ կեղծ տեղեկատվություն, ես այսպես եմ մտածում, որ այդ առնչությունը նա մեկնաբանել է յուրովի։
«Ազատություն». - Ի՞նչ առնչության մասին է խոսքը, որպեսզի հանրության համար էլ հասկանալի և ընկալելի լինի, եթե նա չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքները, ապա ի՞նչ առնչություն ունի Սամվել Բաբայանն այս «Իգլա»-ի հետ ընդհանրապես։
Քալաշյան. - Առայժմ ես զերծ կմնամ, այդ առնչությունը թե ինչով է արտահայտվել բացահայտելուց, իհարկե ժամանակը կգա և հանրությունն, ամենայն մանրամասնությամբ, այդ ամենին կտեղեկացվի, բայց միանշանակ կերպով ասում եմ, որ այդ առնչությունն այն առնչությունը չէ, որի համար կարող են անձին առաջադրել մեղադրանք ու կալանավորել։
«Ազատություն». - Իսկ այն մյուս կալանավորված անձանց Սամվել Բաբայանը ճանաչո՞ւմ է, նրանց անունները տրվե՞լ են։
Քալաշյան. - Անուններ տրվել են, մեկին է ճանաչում, մյուսներին ոչ, անուններ չեմ ասի։
«Ազատություն». - Ի՞նչ շրջանակներից է ճանաչում, այսինքն՝ ընկերներ են, գործընկերներ են...
Քալաշյան. - Մարտական ընկեր։
«Ազատություն». - Ամեն դեպքում Սամվել Բաբայանը նաև հերքում է, որ այդ անձի հետ ինքը որոշակի համաձայնությամբ փորձել է այդ հրթիռային համալիրը ներմուծել։
Քալաշյան. - Ուրեմն, ոչ մեկի հետ՝ ո՛չ իր մարտական ընկերոջ հետ, ո՛չ էլ որևէ այլ անձի հետ Սամվել Բաբայանն այդ զենքը ձեռք բերելու կապակցությամբ որևէ գործողություն չի կատարել։
«Ազատություն». - Առերեսում, պարոն Քալաշյան, տեղի ունեցե՞լ է արդեն այդ երկու կալանավորված անձանց և Սամվել Բաբայանի միջև։
Քալաշյան. - Ոչ, տեղի չի ունեցել, որովհետև ոչ մի անձի կողմից Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք չի տրվել։
«Դա պարոն Բաբայանի մոտ միայն ծիծաղ է առաջացնում»
«Ազատություն». - Երևի հետևում եք մամուլի հրապարակումներին, բայց նաև այդ տեղեկատվությունը փոխանցում եք պարոն Բաբայանին, հրապարակումներ եղան, որ հնարավոր էր «Իգլայի» միջոցով քաղաքական հարցեր լուծվեին, մասնավորապես՝ խոցվեր պաշտոնյայի կամ պաշտոնյաների ուղղաթիռը։ Սամվել Բաբայանը տեղյա՞կ է այս հրապարակումների մասին և ինչպիսի՞ն է նրա գնահատականը։
Քալաշյան. - Այդ հարցին կպատասխանեմ շատ հակիրճ՝ դա պարոն Բաբայանի մոտ միայն ծիծաղ է առաջացնում, որովհետև վերին աստիճանի անհեթեթ են նման հայտարարություններ տարածելը։
«Ազատություն». - Նա տեղյակ էր, փաստորեն։
Քալաշյան. - Իհարկե։ Նորից եմ կրկնում՝ նման հայտարարություններ տարածելը վերին աստիճանի անհեթեթ է։