Շվեյցարիայում հետաքննում են թուրքերի կողմից լրտեսության փորձերի մասին տեղեկությունները

Բեռն, Շվեյցարիա, արխիվ

Արտերկրում ապրող Թուրքիայի քաղաքացիներն այսօրվանից կարող են սկսել ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի քվեարկությունը:

Թուրքական համայնքներ ունեցող երկրներում, մասնավորապես, Գերմանիայում և Ֆրանսիայում մարտի 27-ին ընտրական տեղամասեր են բացվել, քվեարկությունն արդեն ընթացքի մեջ է:

Եվրոպայում քվեարկելու իրավունք ունեցող միլիոնավոր թուրքեր են ապրում, սակայն, եվրոպական մի շարք երկրներ արգելել են թուրք պաշտոնյաներին՝ նախընտրական քարոզչական հանդիպումներ անցկացնել համայնքներում, ինչը զայրացրել է Անկարային ու սրել հարաբերությունները Թուրքիայի և այդ հանդիպումներն արգելած երկրների միջև:

Օրերս թուրքական հանրաքվեի նախընտրական քարոզչությունն արգելող երկրներին է միացել նաև Շվեյցարիան: Այս երկրում հետաքննություն է սկսվել, որի նպատակը թուրքական համայնքում լրտեսության փորձերն ուսումնասիրելն է: Այս մասին անցած շաբաթավերջին հայտարարել է Շվեյցարիայի դաշնային դատախազությունը:

«Գլխավոր դատախազության գրասենյակը կոնկրետ կասկածներ ունի, որ Շվեյցարիայի թուրքական համայնքում, ենթադրաբար, իրականացվել է քաղաքական լրտեսություն»,- հայտարարել է Շվեյցարիայի դատախազությունը, չբացահայտելով մարտի 16-ից սկսված հետաքննության մանրամասները: Դատախազությունը վկայակոչում է շվեյցարական օրենքը, ըստ որի, արգելվում է հետախուզական տվյալների հավաքումը հօգուտ այլ երկրի, կամ ի վնաս Շվեյցարիայի: Քրեական հանցագործություն համարվող այդ արարքի համար նախատեված է պատիժ՝ մինչև 3 տարվա ազատազրկման, կամ տուգանքի տեսքով:

Դաշնային դատախազության հայտարարության հրապարակման նախօրեին Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարն իր թուրք պաշտոնակցին ասել է, որ Շվեյցարիան հետևողականորեն հետաքննելու է Անկարայի կողմից ցանկացած անօրինական լրտեսության փորձ թուրք ներգաղթյալների շրջանում: Շվեյցարիայի կառավարության վիճակագրական տվյալներով, Շվեյցարիայում 68 հազար Թուրքիայի քաղաքացի է բնակվում, մինչդեռ, ըստ Շվեյցարիայում Թուրքիայի դեսպանատան կայքի՝ այդ թիվը 130 հազար է:

Շաբաթներ շարունակ չեզոք դիրք բռնած Շվեյցարիան փորձում էր չներքաշվել Թուրքիայի ու եվրոպական մի քանի այլ երկրների միջև սկսված կոշտ վիճաբանության մեջ, որի պատճառը թուրք պաշտոնյաների կողմից քարոզչական հանդիպումների անցկացման փորձերն էին: Թուրքիայի նախագահ Էրդողանը թուրք նախարարների քարոզչական հանդիպումներն արգելելու համար Գերմանիային ու Հոլանդիային մեղադրել էր «նացիստական վարքագիծ» դրսևորելու մեջ:

Այդ համեմատությունը եվրոպական երկու երկրները բացարձակապես անընդունելի են համարել: Մինչդեռ, Ռեջեփ Էրդողանն անցած կիրակի Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքում խստորեն քննադատելով Շվեյցարիային ու Գերմանիային, դարձյալ օգտագործել է «նացիստ» որակումը:

Անցած շաբաթ օրը Բեռնում տեղի ունեցած հանրահավաքում Թուրքիայի նախագահի նկարով պաստառ է բարձրացվել: Դրանում Էրդողանի գլխի վրա զենք է պատկերված եղել: Այդ հանրահավաքին հազարավոր մարդիկ են մասնակցել, այդ թվում՝ քրդական համայնքի ներկայաուցիչներ: Հանրավահաքի մասնակիցները «Ոչ» են ասել Թուրքիայի սահմանադրական հանրաքվեին, որը, շատերի կարծիքով, կարող է շատ մեծ իշխանություն տալ Էրդողանին:

Հաջորդ օրը Ստաբուլում կայացած հանրահավաքում Էրդողանը հայտարարել է. «Շվեյցարիայի խորհրդարանում կախել են իմ լուսանկարը՝ զենքը դրած գլխիս: Շվեյցարիայի խորհրդարանը դրա վերաբերյալ լուռ է մնում: Մեր արտաքին գործերի նախարարությունն անհրաժեշտ շփումներ է ունեցել, և մենք այդ միջադեպի կապակցությամբ կանեք՝ ինչ հնարավոր է»: Մեկ այլ հանրահավաքում Էրդողանը, չարտաբերելով Գերմանիայի անունը, նորից օգտագործել է «նացիստ» բառը:

«Դուք Թուրքիայի Հանրապետության նախագահին դիկտատոր եք կոչում, բայց այդ ջենտլմենները դժգոհում են, երբ մենք նրանց ֆաշիստ ենք անվանում: Նրանք զայրանում են, երբ մենք իրենց նացիստ ենք ասում, բայց ես փաստերով եմ խոսում, մի՞թե դուք սվաստիկա չեք նկարում մեր մզկիթների պատերին»,- ասել է Էրդողանն ու շարունակել․ «Դուք նացիստ եք, նացիստ, ինչքան ուզում եք զայրացեք: Եթե դուք սվաստիկա եք նկարում մեր մզկիթների պատերին և դրա համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, ուրեմն դուք չեք կարող մաքրել այդ բիծը: Արդյո՞ք դուք նման բան տեսել եք իմ երկրի որևէ եկեղեցում»:

«Ռոյթերզ»-ը, անդրադառնալով Շվեյցարիայում սկսված հետաքննությանը, նշում է, որ դա հաջորդել է հետախուզության մարմինների ստացած այն տեղեկությանը, ըստ որի, 2016-ի վերջերին ու այս տարվա սկզբին Ցյուրիխի համալսարանի միջոցառումների մասնակիցներին գաղտնի տեսանկարահանել և լուսանկարել են: Ըստ շվեյցարական մամուլի՝ նման միջադեպերից մեկը տեղի է ունեցել անցած դեկտեմբերին, երբ հավաք է անցկացվել՝ մեծարելու թուրքական «Ջումհյուրիեթ» թերթի խմբագրին: Երկրորդ միջադեպը գրանցվել է այս տարվա հունվարին՝ Հայոց ցեղասպանության թեմայով տեղի ունեցած ակադեմիական համաժողովի ընթացքում:

Հաղորդելով այս մասին, «Ռոյթերզ»-ը հավելում է, որ Ցյուրիխի համալսարանից մեկնաբանություններ խնդրելու՝ իրենց զանգերն ու էլեկտրոնային նամակները մնացել են անպատասխան: