Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը այսօր սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Ղազախստանի թիմի նկատմամբ։
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 73-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, երկու րոպե անց Արաս Օզբիլիսը երկրորդ գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը։
64-րդ րոպեին Մխիթարյանի դեմ կոպիտ խաղի համար երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստ Սերգեյ Մալին:
Սա ընտրական մրցաշարում Հայաստանի երկրորդ խաղը և երկրորդ անընդմեջ հաղթանակն է անցած տարվա հոկտեմբերին Արթուր Պետրոսյանի՝ հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո։ Նոյեմբերի 11-ին Հայաստանը 3:2 հաշվով առավելության է հասել Չեռնոգորիայի նկատմամբ։ Մինչ այդ Հայաստանի թիմը երեք անընդմեջ պարտություն էր կրել ընտրական փուլում։
Ղազախստանին հաղթելուց հետո Հայաստանի հավաքականը 6 միավոր ունի և առայժմ զբաղեցնում է E խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, սակայն խմբում հինգերորդ տուրի դեռ երկու հանդիպում է կայանալու՝ Չեռնոգորիա - Լեհաստան և Ռումինիա - Դանիա։
Խմբի առաջատարը ներկայումս Լեհաստանն է՝ 4 խաղից հետո 10 միավորով, որին հաջորդում է Չեռնոգորիան՝ նույնքան խաղից հետո 7 միավորով, ապա Դանիան է՝ 6 միավորով։
Ընտրական մրցաշարի հաջորդ խաղում Հայաստանի հավաքականին հունիսի 10-ին սեփական հարկի տակ կընդունի Չեռնոգորիան։
Նշենք նաև, որ Հենրիխ Մխիթարյանը, ով մինչ այդ էլ գլխավորում էր Հայաստանի ազգային թիմի ռմբարկուների ցուցակը, այսօր խփեց իր 20-րդ գոլը հավաքականի կազմում։