Երևանում է աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանը

Պինկաս Ցուկերմանը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական արդեն 18-րդ փառատոնի շրջանակում կրկին Երևանում է և վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՖՆ) հետ` Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդես կգա աշխահահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանը, որին արդեն չորս տասնամյակ արվեստաբաններն ու երաժշտագետները համաշխարհային երաժշտության ֆենոմեն են կոչում:

Պինկաս Ցուկերմանը ծնվել է Թելա Ավիվում, ուսանել Միացյալ Նահանգներում և անվանի ջութակահար Իվան Գալամյանի աշակերտն է եղել:

Այսօր հրավիրված ասուլիսին նա կրկին շեշտեց, որ Իվան Գալամյանը Միացյալ Նահանգներում հրաշալի ջութակահարների մի քանի սերունդ է կրթել, և իր բախտը բերել է, որ աշակերտել է հենց Իվան Գալամյանին:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն ասաց՝ բոլորովին պատահական չէ, որ այս տարի փառատոնի հանդիսավոր բացումը սկսում են հենց «Գրեմմի»-ի կրկնակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի համերգով․ - «Էսօր փառատոնը, լինելով Եվրոպայի լիդեր փառատոներից մեկը, շատ քիչ աշխարհի փառատոներ կան, որոնք իրենց էսպիսի շքեղություններ են թույլ տալիս՝ էսպիսի մեծագույն արտիստներ փառատոնի շրջանակներում: Եվ պիտի նաև վստահորեն ասեմ ձեզ՝ սա ֆինանսական հզորությունից չի գալիս, այլ սա փառատոնի անունն է, իմիջն է ամբողջ աշխարհով մեկ, որ էս մեծ արտիստներին բերում է Հայաստան: Սա մեծագույն նվաճում է մեր մշակութային կյանքում»:

«Իսկ ինչ վերաբերում է Պինկաս Ցուկերմանին՝ մենք պիտի սովորական չհամարենք իր այցը Հայաստան, որովհետև ցանկացած բեմ երազում է մեկ անգամ իրեն տեսնել իրենց բեմում: Իրական լեգենդ է և նաև մեր հայ ազգի մեծագույն բարեկամն է: Երբ որ 100-ամյակն էր գենոցիդի՝ նախանցյալ տարի, ինքը, պիտի ասեմ, որ իր մեծ նվերը բերեց և Լոնդոնում նվագեց մեր Դիանա Ադամյանի հետ և ինքը ղեկավարեց օրկեստրը Լոնդոն Ֆիլհարմոնիկի: Եվ հետագայում էլ իր հետ մենք մտածում ենք բացել մեծագույն դասատուներից՝ աշխարհի ջութակի Իվան Գալամյանի դպրոցը, որի մոտ ինքը սովորել է, և շատ մեծ ջութակահարներ են սովորել իր մոտ», - ասաց Ռոստոմյանը:

Այս անգամ Ցուկերմանը հանդես կգա տիկնոջ՝ անվանի թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայթի հետ: Ծրագրում կհնչեն Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար, նաև Թիվ 4 սիմֆոնիան:

Դե իսկ Պինկաս Ցուկերմանն ասում էր, որ ինչպես նախորդ երկու անգամ, այս անգամ ևս շատ մեծ սիրով է եկել Հայաստան, որտեղ դասական երաժշտության հրաշալի ունկնդիր կա, և որը իր մեծ ուսուցչի՝ Իվան Գալամյանի հայրենիքն է:

«Կարծում եմ, որ Իվան Գալամյանը մեծագույն ուսուցիչներից մեկն էր անցյալ դարի՝ Ռուսաստան, Փարիզ, և հասավ Նյու Յորք: Նա ստեղծեց ահռելի և փառահեղ մի սերունդ հրաշալի ջութակահարների», - ասաց Ցուկերմանը:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում 2017 թվականին Երևան կժամանեն նաև Իսրայելի Կամերային նվագախումբը, հռչակավոր դաշնակահար Արկադի Վոլոդոսը՝ մենահամերգային ծրագրով, Մոսկվայի Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը, ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեոդոսովի ղեկավարությամբ 8 անգամ «Գրեմմի»-ի արժանացած «Էմերսոն» լարային քառյակը և այլ անվանի երաժիշտներ ու նվագախմբեր: Փառատոնային տարին կեզրափակի հանճարեղ դաշնակահար, հայ ազգի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի մենահամերգը: Տեղի կունենան նաև վարպետության դասընթացներ Բյուրականի ակադեմիայում և համերգներ մարզերում: