«Սամվել Բաբայանին կալանավորում են, որ ասեն․ կուժ՝ քեզ բռնում եմ, կուլա՝ դու լսի»

Վաղը ցերեկը լրանում է Սամվել Բաբայանի ձերբակալության 72 ժամը: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Ազգային անվտանգության ծառայությունը կմիջնորդի կալանավորել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարին:

Վրաստանից Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մեջ կասկածվող Բաբայանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Ինչպես փոխանցեց փաստաբան Ավետիս Քալաշյանը՝ իրավապահներն այսօր Սամվել Բաբայանին չեն հարցաքննել:

Սամվել Բաբայանը երեկվա հարցաքննությանը հայտարարել է, որ կապ չունի «Իգլա»-ի հետ և չի ճանաչում այս գործով ձերբակալված մյուս երկու անձանց։ Մինչդեռ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են հենց Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ ու նրա պատվերով:

Բաբայանի մարտական ընկերները՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով առաջադրված ազատամարտիկները, պնդում են՝ Բաբայանը քաղաքական բանտարկյալ է:

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի համոզմամբ՝ իշխանությունները փորձում են հետընտրական զարգացումները կանխել․- «Սամվել Բաբայանին կալանավորում են, որ ասեն․ կուժ՝ քեզ բռնում եմ, կուլա՝ դու լսի, քեզ էլ եմ բռնելու: Որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն, որպեսզի ընտրությունները կեղծելուց հետո ժողովրդական ցասում չբարձրանա, ժողովրդին փողոց հանող չլինի»:

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՕՐՕ դաշինքի թեկնածու Գագիկ Մելքոնյանը տարակուսած էր՝ Սամվել Բաբայանն ինչո՞ւ պիտի «Իգլա» բերեր Հայաստան․ - «Դա կարա մենակ մեր պաշտպանության նախարարությունը, բանակը ձեռք բերի, որպեսզի պատերազմի ժամանակ օգտագործի հակառակորդի ինքնաթիռների խոցելու համար: Հետաքրքիր նայա, թե «Իգլան» Բաբայան Սամվելին ինչի՞ համարա պետք: Զարմացածա ամբողջ ազգը, թե՝ նոր բանակ էր ստեղծվում, ինչ էր ստեղծում»:

Փոխարենը՝ Գագիկ Մելքոնյանը կապ է տեսնում մամուլի շրջանառած լուրի հետ, թե իբր մարտի 27-ին ահաբեկչություն է ծրագրված եղել․- «Դա տանում է դրան: Բայց Սամվել Բաբայանի վրա աշխատանքներ տարվում են արդեն շուրջ 6 ամիս, ու իրենք պատրաստվում էին ինչ-որ բան սարքեին, դրանից հետո շարունակությունը եղավ այն, որ Սամվել Բաբայանին կալանավորեցին, ու ինչու չէ՝ Օհանյան Սեյրանին էլ են վախեցնում, մեզ էլ են վախեցնում»:

Ազատամարտիկները կարծում են, որ ձերբակալություններն իրենց և դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանին չեն հասնում, քանի որ թեկնածու են և ընտրական գործընթացը կարող է ստվերվել, բայց հետընտրական փուլում Ռազմիկ Պետրոսյանը դա ևս չբացառեց․ - «Եթե ընտրությունները կեղծվեն, ոչ թե մենակ մենք, այլ համոզված եմ՝ ազգովի չենք հանդուրժելու: Անարդարությունների դեմ որպես զինվոր ամենաառաջինը էլի պիտի լինի ազատամարտիկը: Նրանք, ովքեր կփորձեն, կեղծելով ընտրությունները, վերարտադրվեն կամ որևէ քվե ստանան, նրանք պիտի ոչ թե մենակ ազատամարտիկի կողմից՝ ամբողջ ժողովրդի կողմից արժանի պատասխան ստանան: Իհարկե, հետընտրական գործընթացներ պայքարի տեսքով լինելու են»:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր այս դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ բառացի ասել էր, որ «սահմանադրական հեղափոխություն» կլինի սկսած ապրիլի 3-ից, եթե ընտրությունները կեղծվեն: