Վարչապետ. Ռուսաստանը համարվում է Հայաստանի կարևորագույն գործընկերը, ամենախոշոր ներդրողը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Երևանում ներկա է գտնվել Ռազմավարական համաժողովի բացմանը, որին մասնակցում են Հայաստանի կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Ռուսաստանի ռազմավարական նախաձեռնությունների գործակալության, Ռուսաստանի բիզնես նախաձեռնությունների աջակցության Առաջնորդների ակումբի ղեկավարներն ու ներկայացուցիչները:

«Ցանկանում եմ վստահություն հայտնել, որ այսօրվա հանդիպումը մեծ ու երկարատև համագործակցության սկզիբն է: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը լավ հարթակ է կառավարության և մասնավոր ներդրողների համագործակցության համար: Մենք մեր հայրենակիցներին, ովքեր բավականին հաջողակ գործարարներ ու գիտնականներ են, անցել են որոշակի ճանապարհ, ներգրավել ենք այդ հարթակ և ստեղծել խորհուրդ, որում 6 ներկայացուցիչ մասնավոր հատվածից է, 5-ը՝ կառավարությունից: Մենք այժմ թիմ ենք ձևավորում, և կարծում եմ, որ այն կլինի շատ ուժեղ ներուժ ունեցող ու հայրենասեր, որը կձևավորի մեր տեսլականն ու ռազմավարությունը», - ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի կարևորագույն գործընկերը, ամենախոշոր ներդրողը:

«Մեր ռուս գործընկերների հետ հանդիպումներում մշտապես քննարկել և նշել ենք, որ չնայած այսօր մեր երկրների համագործակցության մակարդակը բավականին բարձր է, ունենք մեծ ներուժ՝ հետագա առաջընթացի համար: Ես, իհարկե, շահագրգռված եմ, որ այսօր մեր ռուս գործընկերները գտնեն նոր առիթներ, ծրագրեր՝ ներդրումներ կատարելու համար», - նշել է կառավարության ղեկավարը:

Ռուսաստանի Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևան նշել է, որ այս համաժողովը կարևոր փուլ է հայ գործընկերների հետ համագործակցության համար և ավելացրել, որ պայամանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կրթության, ներդրումային միջավայրի բարելավման, բիզնեսի համար վարչական սահմանափակումների վերացման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ավելի արդյունավետ համագործակցության և այլն:

Հայաստանի կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը ևս կարևորել է Ռուսաստանի ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ու Ռուսաստանի բիզնես նախաձեռնությունների աջակցության Առաջնորդների ակումբի հետ համագործակցությունը՝ կապերը խորացնելու, համատեղ նախաձեռնություններ և փորձի փոխանակում իրականացնելու գործում:

Ներկայացնելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեության ուղղություններն ու ծրագրերը՝ Ալեքսանդր Խաչատուրյանը նշել է, որ դրանք միտված են պետական կառավարման ու ՊԵԿ համակարգերում, կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

Համաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի Հայաստանի՝ ներդրումների համար գրավիչ մի քանի ոլորտներին՝ էներգետիկա, գյուղատնտեսություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինչպես նաև կներկայացվեն Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորություններն ու առավելությունները: