Լոնդոնի ահաբեկչության գործով ձերբակալվածների թիվը հասել է 9-ի

Ոստիկանները, փրկարարները Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ՝ ահաբեկչությունից հետո, 22-ը մարտի, 2017թ.

Մեր Բրիտանիայի ոստիկանությունը ևս երկու մարդ է ձերբակալել Լոնդոնում մարտի 22-ին տեղի ունեցած հարձակումների գործով իրականացվող հետաքննության շրջանակում, փոխանցում է «Ասոշիեյթիդ Փրես»-ը։

Հակաահաբեկչական գործողությունները ղեկավարող Մարկ Ռոուլը հայտնել է, որ այսպիսով այս գործի շրջանակներում ձերբակալվածների թիվը հասել է 9-ի։

Հիշեցնենք, մարտի 22-ին, Լոնդոնի ժամանակով ժամը 14:40-ն մի տղամարդ մեքենան մեծ արագությամբ վարել է Ուեսմինսթրյան կամրջով և անցել հետիոտների միջով՝ սպանելով նրանցից երկուսին, ապա դուրս է եկել մեքենայից, մոտեցել խորհրդարանի շենքին ու դանակահարել ոստիկաններից մեկին՝ նրան ևս սպանելով: Ոստիկանները կրակ են բացել, որի հետևանքով վիրավորված տղամարդը քիչ անց մահացել է:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հարձակումը ահաբեկչություն է որակել:

Հարձակման հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ ահաբեկիչը։