ԱՄՆ Սենատի միաժամանակ երկու հիմնական կուսակցությունները ներկայացնող անդամներ նախօրեին հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ որի նպատակը Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումն է՝ կապված այդ երկրի կողմից բալիստիկ հրթիռների նոր փորձարկումների հետ:
Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավարների հեղինակած այդ նախագիծն արտացոլում է նախագահ Թրամփի՝ Իրանի նկատմամբ որդեգրած ավելի կոշտ դիրքորոշումը: «Հանգամանքը, որ փաստաթուղթը հավանության է արժանացել Սենատի երկու հիմնական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, ընգծում է մեր վճռականությունն առ այն, որ Միացյալ Նահանգները պետք է ողջ աշխարհում ահաբեկչության հովանավոր հանդիսացող Իրանի չարամիտ գործողությունները զսպելու հարցում հանդես գա միասնական դիրքերից»,- հայտարարել է դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը:
Կոմիտեի նախագահ Բոբ Քորքերը նշել է, որ փաստաթուղթը միտված է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցներին Իրանի կողմից սպառնացող «ապակայունացնող գործողությունները» կանխելուն: Նախագիծը ներկայացվել է իսրայելամետ ազդեցիկ լոբբիստական AIPAC խմբի՝ Վաշինգտոնում կայանալիք ամենամյա համաժողովի նախաշեմին: