Չնայած եղած միջադեպերին՝ Ալիկ Սարգսյանը Արարատի մարզում լարվածություն չի տեսնում

Կուսակցական քարոզարշավին զուգահեռ Հանրապետականի տարածքային ցուցակով Արարատի մարզում առաջադրված թեկնածուները ևս թեժ ընտրապայքարի մեջ են։ Նախկին ոստիկանապետ, կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանն այսօր Արտաշատում ընտրողներին ներկայացրեց, թե ինչու է ուզում պատգամավոր դառնալ։

«Ես իմ տեսակով անձեռնմխելիության կարիք չունեմ, ես նորմալ կյանքով եմ ապրում, չեմ կարծում երբևիցե Ազգային ժողովը պիտի ինձ պաշտպանի որևիցե օրենքից: Ես չունեմ այն մնացած ամեն ինչը, որ հրապուրիչ են թվում՝ մեքենայի համարներ՝ ինձ առանձ այդ էլ չեն կանգնեցնում, ճանաչում են, ես խախտում չեմ անում՝ դրա կարիքը չունեմ», - նշեց Սարգսյանը՝ շարունակելով․ - «Ընդհուպ՝ աշխատավարձի ակնկալիք էլ այս պահին առանձնապես չունեմ: Ոնց որ մարզպետ ժամանակ 7.5 տարի աշխատավարձս բաժանել եմ շատ մարդկանց, ովքեր ապրելու ակնկալիք են ունեցել, հիմա էլ ես այդ աշխատավարձի կարիքը չունեմ, փորձելու եմ դա էլ բաժանել: Մեկը կարող է չարախոսի, ասի՝ բա ինչով ես ապրելու․ ժողովուրդ, ես այդ ապրելու հնարավորությունն ունեմ, մինիմում կլինի դա, թե մինիմումից քիչ շատ՝ ես ապրում եմ նորմալ: Ինձ պետքա, որ իմ կողքի մարդը նորմալ ապրի»:

Հիշեցնենք՝ քարոզարշավի ընթացում Արարատի մարզում արդեն դանակահարության դեպք է գրանցվել, ինչպես նաև կրակոցներ Արտաշատում։ Այդուհանդերձ, նախկին ոստիկանապետը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ մարզում լարվածություն չկա։

«Ես չեմ բացառում, որ նախընտրական մի շրջանա սկսվել, երբ ինչու չէ՝ կրքերը մի քիչ կարող է բորբոքված լինեն, տարբեր մարդիկ հայտնված լինեն տարբեր թիմերում և այլն: Միգուցե դա որոշակի նպաստելա այս ամեն ինչին: Բայց չեմ կարծում, թե այդ երկու դեպքով կարելի է վերագրել, թե Արարատի մարզում իրավիճակը շատ պայթյունավտանգա, թշնամական հարաբերություններ կա․․․ ազնվորեն ասում եմ՝ էդպես չի», - նշեց Սարգսյանը:

«Ճիշտ կլիներ, որ քաղաքապետը դիմավորեր վարչապետին»

Երեկ Արտաշատ էր այցելել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը։ Արտաշատի գործող քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, չէր դիմավորել վարչապետին։ Նախկին կուսակցի որդու պահվածքը, ըստ Ալիկ Սարգսյանի, ճիշտ չէր․ - «Ես հասկանում եմ՝ նա այլ կուսակցությունա հիմա ներկայացնում, բայց թեկուզ որ ընդուներ էլ, ինքը դիմավորեր՝ ես դրա մեջ որևիցե տարօրինակ բան չեմ տեսնում: Ասեմ ավելին՝ եթե ես լինեի քաղաքապետ, կդիմավորեի: Իմ կարծիքով ճիշտ կլիներ, որ քաղաքապետը իր քաղաքում դիմավորեր վարչապետին»:

«Ժողովուրդը կգնահատի»

Մարզի Հանրապետական թեկնածուներից Մուրադ Մուրադյանը, ում անվան հետ էր կապվում Մասիսում տեղի ունեցած դանակահարության դեպքը, վստահ է՝ իր ընտրազանգվածը կունենա։

«Ես գյուղի տղա եմ, բոլորն ինձ լավ հասկանում են, ճանաչում են: Այդպես ոչ մեկը չկա, որ մեկի մոտ սուտ խոսացած լինեմ, մեկին խաբած լինեմ: Ժողովուրդը կգնահատի», - նշեց թեկնածուն:

Անդրադառնալով իր և նախկին կուսակցի՝ Հովիկ Աբրահամյանի հետ այսօր տարբեր ճամբարներում պայքարին՝ Մուրադյանն ասաց՝ իրենք երբեք էլ դաշնակիցներ չեն եղել․ - «Մենք միշտ հակասության մեջ ենք եղել իրար հետ: 99 թվին ինքը մարզպետա եղել, «Միասնության» կողմնա եղել, ես հակառակն եմ եղել: Ոչ մի անգամ մենք կողմնակիցներ չենք եղել»:

Հանրապետական պատգամավորը, չնայած հրավերին, երեկ վարչապետի քարոզարշավին ներկա չի եղել։ Իսկ մամուլի հրապարակումը, թե վարչապետը թույլ չի տվել նրան բեմ բարձրանալ, հերյուրանք է համարում։

«Նախ՝ ինձ ոչ մեկ չի կարող արգելել: Եղել ա հետևյալը՝ վարչապետը եկել ա Մասիս՝ երաժշտական դպրոց: Ես հրավիրված եմ եղել ժամը 12-ին, որ այնտեղ պետքա լինեմ, հրավերը կա ինձ մոտ: Բայց վարչապետը եկելա 11-ին հինգ պակաս, գնացելա կես ժամից: Ինձի 12-ին հրավիրել են: Սայա ընդամենը», - պատմեց Մուրադ Մուրադյանը: