Հավատու՞մ են արդյոք քաղաքացիները քարոզարշավի մասնակից ուժերի ծրագրերում ներկայացվող՝ տնտեսական և սոցիալական ոլորտների բարեփոխումներին վերաբերող դրույթ-խոստումներին: Հանրությանը թերևս ամենաշատը հուզող հարցերից մեկի՝ կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացման հետ կապված ի՞նչ առաջարկներ ունեն:
Մինչ այդ, տեսնենք, թե ինչ խոստումներ են տեղ գտել քաղաքական ուժերի ծրագրերում: Իշխանության մաս կազմող երկու ուժերի՝ Հանրապետականի և ՀՅԴ-ի ծրագրերում կոնկրետ թվեր չկան այն մասին, թե որքանով կավելանան թոշակներն ու աշխատավարձերը: Փոխարենը Հանրապետականը խոստանում է, որ «կանգնած է լինելու աշխատավորի թիկունքին»: Դաշնակցության ծրագրում ևս թվեր չկան, սակայն, կա սկզբունք՝ «Աշխատանքի նվազագույն վարձատրությունը չի կարող ցածր լինել կենսապահովման զամբյուղից»:
Ի տարբերություն իշխանականների, ոչ իշխանական ուժերի ծրագրերում կոնկրետ թվեր ու հաշվարկներ կան: Ամենամանրակրկիտ տնտեսական ծրագիրը, թերևս, «Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածուի՝ Հրանտ Բագրատյանի հեղինակածն է: 133 կետերով ներկայացված ծրագրում «Ազատ դեմոկրատները» խոստանում են 140 հազար աշխատատեղ ստեղծել, նվազագույն աշխատավարձը 5 տարում կրկնապատկել՝ դարձնելով 111 հազար դրամ, կենսաթոշակներն էլ հասցնել 73 հազար դրամի, կիսով չափ կրճատել աղքատությունը:
Աշխատավարձի առումով գրեթե նույնպիսի խոստում է տալիս Արթուր Բաղդադարյանի ՀՎԿ-ն՝ առաջարկելով առաջիկա տարիներին նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամի հասցնել, այն պարբերաբար բարձրացնել և ինդեքսավորել: Կենսաթոշակն էլ պետք է պակաս չլինի նվազագույն սպառողական զամբյուղից :
55 հազար դրամ կազմող նվազագույն սպառողական զամբյուղը որպես կենսաթոշակի չափ է առաջարկում սահմանել ընդդիմադիր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, նշելով նաև, որ իշխանության գալու դեպքում պետբյուջե կվերադարձնեն «ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները» և 25 տոկոսով կնվազեցնեն գազի ու էլկետրաէներգիայի սակագները:
Այդ սակագները նվազեցնելու խոստում տալիս է նաև «Ծառուկյան դաշինքը»՝ չմանրամասնելով, սակայն, թե քանի տոկոսով: Փոխարենը կոնկրետություն կա կենսաթոշակների և աշխատավարձերի մասով՝ թոշակները 25 հազար դրամով պետք է բարձրացվեն և ինդեքսավորվեն, իսկ նվազագույն աշխատավարձը՝ «Ծառուկյան դաշինքի» հաղթանակի դեպքում, 2018 թվականին կհասնի 80 հազար դրամի:
«Ելք» դաշինքն իրատեսական է համարում բյուջետային հիմնարկների աշխատավարձերի և կենսաթոշակների առնվազն 20 տոկոսով ավելացումը՝ պետական բյուջեի եկամուտների մեծացման արդյունքում:
«Օհանյան- Րաֆֆի –Օսկանյան» դաշինքը ևս առաջարկում է կենսաթոշակներն ու բյուջետային աշխատողների աշխատավարձերն ինդեքսավորել: Թեև չի նվշում, թե որքան պետք է լինի նվազագույն աշխատավարձը, սակայն, ներկայացվում է մայրական նպաստի և երեխաների ծնունդի համար տրվող գումարների մանրամասն հաշվարկ:
Կոմունիստըներն առաջարկում են կրկնակի ավելացնել թոշակներն ու աշխատավարձերը, զարգացնել արդյունաբերությունն ու ավելացնել պետության կարգավորիչ դերը:
«Ազատությունը» հարցախույզ է անցկացրել Երևանում և հանրապետության մի քանի մարզերում՝ փորձելով ճշտել, թե քաղաքացիներն ինչպես են վերաբերվում այս խոստումներին: