Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի կենտրոնը այսօր «ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցներից պարբերաբար ստացվող հարցումների» տեղեկացնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ, որոնք ուղղված են կատարված հանցանքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը հստակեցնելուն, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները պարզաբանելուն:
«Միաժամանակ Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ անցկացվում են համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերված ռազմամթերքը հայ-վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար», - ասված է հաղորդագրությունում:
ԱԱԾ մամուլի կենտրոնը խոստանում է քրեական գործի շրջանակում նոր զարգացումների առկայության դեպքում դրանց վերաբերյալ տրամադրել համապատասխան տեղեկատվություն: