Ներկա վարչապետը ևս դժգոհեց «Հյուսիս-Հարավ»-ի կառուցման ընթացքից, դրանից դժգոհել էր նաև նախկին վարչապետը

Եթե աշխատանքները շարունակվեն ներկա տեմպերով, ապա 500 կիլոմետրանոց «Հյուսիս-Հարավ»-ի կառուցման համար կպահանջվի 116 տարի:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում դժգոհեց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ընթացքից, հայտարարելով՝ «որևիցե աշխատանք չի կատարվում»:

«9 անց կես մոստերի վրա աշխատող չկա, 5 անց կես սաղ պերեկուռ են անում: Ես մի անգամ էդ հարցը տվել եմ, ասել են ժամկետի մեջ ա: Եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք: Որևիցե աշխատանք չի կատարվում: Նախևառաջ էդ կամուրջների վրա բազմաթիվ աշխատանքներ կան ինժեներական, որը կարող են կամուրջից դուրս անել, գալ տեղադրելու խնդիր լուծել: Քանի անգամ ա գնում եմ հատուկ նայում եմ՝ 9 անց կես աշխատող մարդ չկա: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն ա, բայց էդ պայմանագիրը նենց արեք, որ մենք կարողանանք հետևել»,- ասաց վարչապետը:

Ընդամենը 8 ամիս առաջ մայրուղու կառուցման ընթացքից ու որակից դժգոհել էր նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ի՞նչն է պատճառը, ուսումնասիրե՞լ եք, ինձ խոսակցություններ են հասնում, չգիտեմ հիմնավոր են, անհիմն են, ֆինանսավորման խնդիրները․․․ էդ իսպանական ընկերությունը չարիք է էս գործի մեջ․․․ ի՞նչ խնդիր կա էնտեղ: Ինչ-որ պրոբլեմ կա էս ընկերության հետ և չգիտեմ ում հետ, ում միջև․․․ ասում են՝ փողերը չկա, փողերը տարել են․․․ մի հատ հասկացեք՝ ի՞նչն է պատճառը»,- դիմելով Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանին, ասել էր Աբրահամյանը:

«Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը նախագահ Սերժ Սարգսյանի տնտեսական խոշորագույն նախաձեռնություններից մեկն է: Եթե ութ ու կես տարի անց էլ հայ-իրանական երկաթուղու և նոր ատոմակայանի կառուցման ծրագրերն այդպես էլ մնացին թղթի վրա, ապա 2009 թվականից մեկնարկած «Հյուսիս-Հարավ»-ի շրջանակում առայժմ ավարտին է հասցվել ընդամենը 35 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցումը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանն այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ 35 կմ երկարությամբ այդ հատվածի կառուցումն արժեցել է 70 միլոն դոլար:

Ստացվում է, որ յուրաքանչյուր կիլոմետրի համար հայաստանյան հարկատուները վճարել են 2 միլիոն դոլար, և ամեն տարի միջինը կառուցվել է ընդամենը 4,3 կլիոմետր երկարությամբ ճանապարհ: Փաստորեն, եթե աշխատանքները շարունակվեն ներկա տեմպերով, ապա 500 կիլոմետրանոց «Հյուսիս-Հարավ»-ի կառուցման համար կպահանջվի 116 տարի:

Փոխնախարարը պարզաբանեց՝ վարչապետ Կարապետյանի քննադատությունը վերաբերում է մայրուղու Արտաշատի ու Աշտարակի հատվածների որոշ ենթակառուցվածքային աշխատանքներին՝ ներառյալ այն կամուրջները, որոնք կառուցվելու են մայրուղու նշված հատվածների շինարարության ավարտից հետո: Նախատեսվում է այդ աշխատանքներն ավարտել այս տարվա սեպտեմբերին՝ մոտ կես տարի ավելի շուտ, քան նախկինում ձեռք բերված պայմավորվածությունն էր:

«Մեզ համար կարևոր ա վերջնաժամկետն ըստ պայմանագրի: Եթե նկատեցիք, վարչապետը նշեց, որ մեր իրավահարաբերությունները կարգավորվում են կապալառու կազմակերպությունների հետ բացառապես պայմանագրով: Բայց ինքը խնդրեց, հանձնարարեց, որ մենք կարողանանք հնարավորինս բանակցությունների արդյունքում օր առաջ հանձնել, որպեսզի այդ խնդիրը լուծվի»,- ասաց Արթուր Առաքելյանը:

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնող կազմակերպությունն անցած հուլիսին «Ազատությանը» տեղեկացրել էր, որ մայրուղու կառուցման համար արդեն իսկ ներգրավվել է 416,6 միլիոն դոլարի վարկ: Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանի կառավարությունն առաջին փաստաթուղթը կնքել է դեռ 2009 թվականին, սակայն, շինարարական աշխատանքները մեկնարկել են միայն երեք տարի անց՝ 2012-ին, վարկային միջոցները ժամանակին չօգտագործելու համար էլ Հայաստանը բանկին վճարել էր որոշակի գումար: Մինչ այսօր Հայաստանի կառավարությունն ու բանկի ներկայացուցիչները հրաժարվում են նշել, թե որքան է կազմում այդ գումարը:

Հարցին՝ Հայաստանի կառավարությունը ե՞րբ ավարտին կհասցնի ողջ մայրուղու կառուցումը, փոխնախարարն այսօր չկարողացավ պատասխանել: «Ողջ ճանապարհի ավարտման հետ կապված․․․ըստ ֆինանսական միջոցների հասանելիության և առկայության, էս պահին տարեթիվ չեմ կարող ասել»,- միայն ասաց փոխնախարարը: Նա չկարողացավ նշել նաև, թե որքան կարժենա ողջ մայրուղին:

Վարչապետ Կարապետյանի քննադատության կապակցությամբ, «Ազատությանն» այսօր չհաջողվեց արձագանք ստանալ մայրուղու կառուցումն իրականացնող իսպանական «Կորսան-Կորվիամ կոնստրուքսյոն Էս Ա» ընկերությունից: