Հայոց ցեղասպանության ճանաչման նոր նախաձեռնություններ ԱՄՆ Կոնգրեսում

Կոնգրեսական Ադամ Շիֆ, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ՝ հանրապետական Դեյվիդ Թրոթը և դեմոկրատ Ադամ Շիֆը Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբում իրենց գործընկերների հետ ցեղասպանության դեմ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որում ԱՄՆ-ին կոչ է արվում կիրառել Հայոց ցեղասպանության դասերը՝ կանխելու Միջին Արևելքում ներկայիս վայրագությունները:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ցեղասպանության կանխման բանաձևի նախագիծը շեշտում է, որ «Հայոց ցեղասպանության պատշաճ հիշատակումը և հետևողական դատապարտումը կամրապնդի արդի ցեղասպանությունների կանխման մեր միջազգային դիրքորոշումը», և, հենվելով Միջին Արևելքի փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործադրած ցեղասպանության՝ 2016 թվականին Միացյալ Նահանգների կողմից պաշտոնական ճանաչման վրա, կոչ է անում․ - «Միացյալ Նահանգները, ձգտելով կանխել պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները և քրիստոնյաների, եզդիների, մահմեդականների, քրդերի և Միջին Արևելքում այլ խոցելի կրոնական ու էթնիկ խմբերի դեմ ցեղասպանությունը, պետք է հենվի Հայոց ցեղասպանությանը, Սեյֆոյին [ասորիների ցեղասպանության] և իրենց բիբլիական դարաշրջանի հայրենիքներում հայերի, ասորիների, քաղդեացիների, հույների, պոնտոսցի հույների և այլ քրիստոնյաների դեմ Օսմանյան կայսրության ավելի լայն ցեղասպանական արշավին Միացյալ Նահանգների կառավարության, քաղաքացիական հասարակության, և մարդասիրական արձագանքի վրա»:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներ Շիֆին և Թրոթին, ինչպես նաև օրինագծի հովանավոր մյուս կոնգրեսականներին, հայտարարելով, որ առաջիկա օրերին ու շաբաթներին իրենք աշխատանքներ կտանեն կոնգրեսականների հետ՝ ապահովելու բանաձևի ընդունումը Ներկայացուցիչների պալատում:

Հաղորդագրության համաձայն, նախագծի սկզբնական հովանավորներն են 16 կոնգրեսականներ:

Բանաձևի նախագիծը շրջանառության մեջ դնելու օրն իսկ Կոնգրեսի շենքում կայացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի ցուցադրումը, որի ռեժիսորն օսկարակիր Թերի Ջորջն է, դերակատարը՝ նույնպես օսկարակիր Քրիստիան Բեյլը:

Օրենսդրական նախաձեռնությանը զուգահեռ՝ Հայկական հարցերով հանձնախումբը նաև կոնգրեսականների ստորագրություններ է հավաքում առաջիկա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով հիշատակելու կոչով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի տակ, հաղորդում է Հայ դատի գրասենյակը: