Հայաստանի և Եվրոպական Միության միջև երեկ նախաստորագրված համաձայնագիրը եզակի 2-րդ հնարավորությունն է Հայաստանի համար՝ նորոգելու ու վերականգնելու ԵՄ-ի հետ հարաբերությունները, որոնք բարդ շրջանում հայտնվեցին 3 տարի առաջ Ասոցացման համաձայնագրի տապալումից հետ, կարծում է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։ Ըստ նրա, «շատ կարևոր է, որ Մոսկվան չի ընդդիմանում Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը»։
«Ի տարբերություն 2013-ի, երբ Հայաստանը, հայտարարելով, որ անդամակցելու է Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, ըստ էության, հրաժարվելով Եվրամիության հետ բանակցված Ասոցացման համաձայնագրից, այս անգամ Եվրամիությունը հաշվի է նստել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու հանգամանքի հետ»,- նշում էԿիրակոսյանը՝ վստահություն հայտնելով, որ նոր փաստաթուղթը նախորդի ճակատագրին չի արժանանա։ «Բայց հիմա, երբ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և շատ ճանապարհ ունի Ասոցացման համաձայնագրին հասնելու համար, այս համաձայնագիրը Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում»,- ասաց նա:
Եվրամիության հետ Հայաստանի նախաստորագրած նոր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բովանդակությունը, փորձագետների խոսքով, քաղաքական մասով շատ մոտ է ասոցացման պայմանագրին, բայց տնտեսական մասով շատ ավելի սահմանափակ է։
«Ներդրումների, տնտեսական համագործակցության համար ԵԱՏՄ շրջանակից դուրս ոլորտներ գտնելու առումով բանակցությունների ամենաբարդ մասը տնտեսականն էր, բայց, բարեբախտաբար, համագործակցելու ավելի շատ հնարավորություններ բացահայտվեցին, քան նախապես ակնկալվում էր։ Եվ սա իսկապես հնարավորություն է՝ տրված Հայաստանին: Բայց քանի դեռ Հայաստանում կոռուպցիան չի հաղթահարվել և իսկապես ազատ շուկա չի ստեղծվել, այս հնարավորությունը կարող է չօգտագործվել»,- շարունակեց Կիրակոսյանը:
Փետրվարի վերջին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ ազդարարեց, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն արդեն ավարտվել են, Եվրամիության մայրքաղաք էին հրավիրվել նաև Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներ, ովքեր հանդիպումներ էին ունենում ԵՄ պաշտոնյաների հետ։
«Հայաստանն իրենց հարևանն է, և իրենք ուզում են, որ հարևանները լինեն նորմալ, ադեկվատ երկրներ: Բայց մեր խնդիրն այն էր, որ իրենք չապատեղեկացվեն, միակողմանի ինֆորմացիա չստանան միայն Հայաստանի իշխանություններից: Եվ մեր խնդիրն է, որ Հայաստանը ստիպված լինի գնալ ռեալ բարեփոխումների, չկարողանա թոզ փչելով առաջ շարժվել»,- «Ազատությանն» ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
Ըստ նրա, Եվրամիությունը համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանում կֆինանսավորի բարեփոխումների ծավալուն ծրագրեր: «Հայաստանին տրվելու է ֆինանսսական օժանդակություն, որը մեծապես կախված է, դա արդեն գաղտնիք չէ, գալիք ընտրությունների որակից: Ստեղծվելու են իրական մեխանիզմներ այդ օժանդակության դիմաց կատարվող բարեփոխումները վերահսկելու համար»,- նշեց Իոաննիսյանը:
Ռիչարդ Կիրակոսյանը ևս ընսգծում է, որ Եվրամիության հետ հարաբերությունների ապագան մեծապես կախված է ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքից։ Քաղաքագետի կարծիքով, այնուամենայնիվ, դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ինչ կտա նոր համաձայնագիրը Հայաստանին, քանի որ «ամեն ինչ կախված է այն բանից, թե ընտրություններից հետո ձևավորվելիք իշխանությունն ինչպես կիրականացնի այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները»։