«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը «քաղաքական ենթատեքստ» է տեսնում Բաբայանի ձերբակալման մեջ

Դաշինքի առաջնորդները միջազգային հանրությանը, դիտորդական առաքելություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին կոչ են անում ուշադրության կենտրոնում պահել Սամվել Բաբայանի հետ կապված գործը:

Րոպեներ առաջ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Պաշտպանության և Արտաքին գործերի նախկին նախարարներ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, թե Սամվելի Բաբայանի ձերբակալությունը կանխատեսելի էր, ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ և ուղղված է քաղաքացիների ազատ կամարտահայտման դեմ։

«Ջրառատ գյուղում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի դեմ կազմակերպված ակնհայտ սադրանքը, ինչպես նաև դաշինքի շտաբերի և պատգամավորության թեկնածուների նկատմամբ զանգվածային բնույթ կրող ճնշումները նպատակ էին հետապնդում վախի մթնոլորտ տարածելու և խոչընդոտելու մեր աշխատանքները»,-ասում են ընդդիմադիր առաջնորդները՝ իշխանությունների այս վարքագիծը գնահատելով որպես ընտրությունների արդյունքների վրա հակաօրինական միջոցներով ազդելուն ուղղված քայլ։

Նախկին նախարարները միջազգային հանրությանը, դիտորդական առաքելություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին կոչ են անում ուշադրության կենտրոնում պահել Սամվել Բաբայանի հետ կապված գործը, իսկ քաղաքական ուժերին, իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը, «Արցախի և Սփյուռքի հայրենակիցներին» հորդորում համարժեք գնահատական տալ տեղի ունեցածին։

«Կո'չ ենք անում քաղաքական ուժերին, Կո'չ ենք անում մեր հանրությանը, յուրաքանչյուր քաղաքացու` այս դեպքից հետո անել համապատասխան հետևություններ, ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացներին, համախմբված ձևով հանդես գալ փոփոխությունների օգտին ու ապրիլի 2–ին ձևավորել նոր իշխանություն»։

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը հայտարարում է, որ շարունակում է իր բնականոն աշխատանքները՝ չտրվելով սադրանքների։