Օհանյան․ «Դաշինքի նկատմամբ շարունակական վերաբերմունքի արդյունքը կարող էր լինել»

Սմվել Բաբայան, արխիվ

Սամվել Բաբայանը ձերբակալվել է «Իգլա»-ի գործով, ԱԱԾ-ն հայտնում է, որ այս պահին ձերբակալված են 3 անձ:

Ազգային Անվտանգության Ծառայությունը քիչ առաջ հայտնեց, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Այս պահին ձերբակալված են ևս 2 անձ, այդ թվում ՀՀ քաղաքացի: Անուններ, սակայն, ԱԱԾ-ն չի հաղորդում:

Իրավապահների փոխանցմամբ, կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։

Ազգային Անվտանգության Ծառայությունը հայտնում է, որ կա փորձագետի եզրակացություն, ըստ որի՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար և հանդիսանում է ռազմամթերք։

«Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները», - հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Քիչ առաջ, պատասխանելով «Ազատության» հարցին՝ ինչու՞ են ձերբակալել Սամվել Բաբայանին, և ի՞նչ է ձեզ հայտնի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանն ասաց․ «Սամվել Բաբայանը մեր գաղափարակից ընկերն է, մեր համակիրը, դաշինքի նկատմամբ շարունակական վերաբերմունքի արդյունքը կարող էր լինել»:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մինչդեռ, հայտարարում է, որ դաշինքի աջակից, Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական է:

«Սա քաղաքական է, սա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ ուղղված հերթական քայլն է: Մենք տեսնում ենք, որ հասարակության մոտ քանի որ վստահության աճ կա մեր նկատմամբ, իշխանությունները գնացին հերթական բռնությանը, հերթական ապօրինությանը: Երևի տանկի փողը շատ մեծ է եղել, որ ներկայացնեն, թե դա է բերել: Երևի թե խնդիր է եղել ինչ-որ ձևով ինչ-որ մեկին կապել Սամվել Բաբայանի հետ, և ազատությունից զրկել, որպեսզի մեր դաշինքին հարված հասցվի»,- հայտարարեց արմեն Մարտիրոսյանը:

Ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանն էլ պնդեց, որ ամեն ցանկացող չի կարող «Իգլա» ձեռք բերել: «Դա միայն պաշտպանության նախարարությունը կարա ձեռք բերի, մերոնք ո՞նց կարան «Իգլա» առնեն, ինչի՞ համար: Դա հակաօդային պաշտպանության զենք ա, որը մենակ պաշտպանության նախարարությունն իրավունք ունի առնելու: Ո՞նց կարա քաղաքացին «Իգլա» ձեռք բերի, տենց բան չկա: Բոլոր դեպքերում ինքը [Սամվել Բաբայանը] քաղաքական գործունեության մեջ չի մտել, ինքը սատարել ա մեր դաշինքին, հարցեր կան էլի: Կարող ա մի ժամից էլ ինձ կալանավորեն․․․Սեյրան Օհանյանին չեն կարա, առաջին դեմքերին չեն կարա»,- ասաց ազատամարտիկը։

Հիշեցնենք, ԼՂ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աջակից Սամվել Բաբայանի ձերբակալության մասին այսօր «Ազատությանը» հայտնել էր նրա ընտանիքը: