«Նյու Յորք - Երևան ջազային միացում»

Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր երեկոյան ջազ երաժշտության սիրահարների համար մի շատ հետաքրքիր համերգային ծրագիր է նախատեսված՝ «Նյու Յորք - Երևան ջազային միացում» խորագրի ներքո:

Այսօրվա համերգը ուշագրավ է ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի լավագույն ջազ երաժիշտներից Վահագն Հայրապետյանը և Նյու-Յորքից ժամանած 4 ջազմեններ են հանդես գալու, այլև այն պատճառով, որ նրանք ելույթ են ունենալու Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Այս յուրահատուկ համերգը ջազի սիրահարներին կմատուցի թե՛ ավանդական ջազային, թե՛ հայկական մեղեդիների սեփական մշակումները:

Վահագն Հայրապետյանի նախաձեռնությամբ ստեղծված «Նյու Յորք - Երևան» ջազային կվինտետը վերջին ամիսներին արդեն իսկ հասցրել է մեծ հաջողությամբ հանդես գալ Նյու-Յորքում, բայց Երևանում նրանք առաջին անգամ են ելույթ ունենալու և այն էլ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:

Համերգից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզվեց, որ այս ձևաչափով սա առաջին համերգն է թե՛ կամերային նվագախմբի երաժիշտների, թե՛ ջազմենների համար:

«Բայց դա ոչ մի բան չի փոխում: Այսինքն՝ երբ կվինտետը մեկ հոգու նման է նվագում, որովհետև նրանք շատ ձուլված են իրար հետ, այսինքն՝ ես հետևում եմ որպես մեկ հոգու», - պատմեց դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, - «Իսկ մեր նվագախումբը, իհարկե, դասական նվագախումբ է, բայց ես միշտ դուրս եմ եկել այն փաստից, որ ինձ համար անձնապես գոյություն չունի դասական երաժշտություն, ջազ և այլն․ գոյություն ունի լավ և վատ երաժշտություն»:

«Ի դեպ՝ նվագախմբի ոգևորությունը անթաքույց էր երեկվա փորձին», - հավելեց Վահագն Հայրապետյանը, - «Ես, ճիշտն ասած, հաճելիորեն զարմացած եմ ու ավելի ոգևորված»: