Անկարան պաշտոնապես հայտարարում է Դինքի սպանությանը Ֆեթուլա Գյուլենի առնչության մասին

Գյուլենից բացի, այժմ այդ գործով անցնում է ևս 7 կասկածյալ, այդ թվում՝ Թուրքիայում հայտնի դատախազներից մեկն ու երեք ընդդիմադիր լրագրողներ:

Թուրք դատախազները երեկ առաջին անգամ պաշտոնապես Հրանտ Դինքի սպանությունը կապել են Միացյալ Նահանգներում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլա Գյուլենի հետ, ում մեղադրում են նաև անցած տարվա հուլիսին Թուրքիայում հեղափոխության փորձ կազմակերպելու մեջ:

Ստամբուլի ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն երեկ Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացրել՝ պնդելով, թե 10 տարի առաջ «Ակոս»-ի խմբագրապետը սպանվել է անվտանգության ուժերի վրա նրա ունեցած ազդեցության հետևանքով:

Գյուլենից բացի, այդ գործով անցնում է ևս 7 կասկածյալ, այդ թվում՝ Թուրքիայում հայտնի դատախազներից մեկն ու երեք ընդդիմադիր լրագրողներ՝ «Զաման»-ի նախկին գլխավոր խմբագիրը, «Բյուգուն» թերթի ու Kanaltürk TV-ի ղեկավարը: Երեք լրատվամիջոցներն էլ հայտնի էին էրդողանի հասցեին սուր քննադատությամբ ու անցած ամիսներին փակվել են Թուրքիայի կառավարության որոշմամբ:

Վերջիններս կասկածվում են Դինքի սպանությունից անմիջապես հետո ոստիկանական բաժանմունքում արված լուսանկարները և տեսանյութերը տարածելու մեջ: Աղմկահարույց այդ նյութերում երևում էր, թե ինչպես են իրավապահները ձերբակալությունից հետո՝ ոստիկանական բաժանմունքում, քաջալերում մարդասպան Օգյուն Սամասթին ու նկարվում նրա հետ թուրքական դրոշի ֆոնին:

Կասկածյալներից 6-ը, ըստ տեղական լրատվամիջոցների, արդեն ձերբակալվել են, մյուսների նկատմամբ հետախուզում է հայտարարված: Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի արդարադատության նախարարը երեկ հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ՝ Ջեֆ Սեշնսի հետ՝ Միացյալ Նահանգներում բնակվող Ֆեթուլա Գյուլենին ժամանակավորապես ձերբակալելու խնդրանքով: