Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանը

Noble Partner 2016 զորավարժությունները Վազիանիի ռազմակայանում, Վազիանիի ռազմակայան, մայիս, 2016թ․

Վրաստանում այս տարի անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին առաջին անգամ մասնակցելու է նաև Հայաստանը: Մասնակից երկրների ցանկում նշված են նաև Ադրբեջանը, Թուրքիան:

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, զորավարժություններին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր 11 երկրներ՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Ռումինիան, Թուրքիան, Սլովենիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան և Հայաստանը:

Noble Partner 2017 զորավարժություններն անցկացվելու են հուլիսի վերջին՝ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմակայանում:

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զորավարժությունների նպատակն է ամրապնդել ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների համագործակցությունը, խորացնել տարածաշրջանային և բազմազգ գործընկերությունը, ինչպես նաև ուժեղացնել Վրաստանի պաշտպանունակությունը:

Հաղորդագրությունում նշված է, որ մասնակից երկրների ներկայացուցիչները անցած շաբաթավերջին Վազիանիում անցկացված հանդիպմանը քննարկել են զորավարժությունների նախապատրաստման և պլանավորման հարցեր:

Noble Partner զորավարժությունները Վրաստանում անցկացվում են երրորդ անգամ: Առաջին անգամ՝ 2015-ին, դրան մասնակցել են Վրաստանի և ԱՄՆ-ի զինծառայողները, 2016-ին զորավարժություններին միացել էր նաև Մեծ Բրիտանիան, օգտագործվել էին ամերիկյան սպառազինություններ՝ տանկեր ու հետևակային զրահամեքենաներ:

Մոսկվան քննադատել էր անցյալ տարվա զորավարժությունները: 2016-ի զորավարժությունների նախաշեմին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դրանք որակել էր Հարավային Կովկասում իրադրության ապակայունացմանն ուղղված սադրանք: