Վրաստանի նախագահն արդեն երկրորդ անգամն է կախակայում գաղտնալսումների մասին օրենքը

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Խորհրդարանն այժմ կամ պետք է հաշվի առնի նախագահի դիտողություններն ու լրամշակի օրենքը, կամ հաղթահարի վետոն, որի համար առնվազն 76 պատգամավորի ձայն է անհրաժեշտ:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վետո է դրել գաղտնալսումների մասին նոր օրենքի վրա: Խորհրդարանն այն ընդունել էր մարտի 1-ին: Օրենքը նախատեսում է պետական անվտանգության ծառայության կառույցում ստեղծել Օպերատիվ-տեխնիկական գործակալություն, որին կտրվի գաղտնալսումներ կատարելու իրավասություն:

Մարգվելաշվիլին մարտի 20-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ այդ փաստաթուղթը երկու թերություն ունի: «Առաջին՝ այդ գործակալության անկախությունն օրինագիծը չի երաշխավորում, ինչը պահանջել էր Սահմանադրական դատարանը, երկրորդ՝ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների վրա չարդարացված ու անկանխատեսելի ֆինանսական բեռ է դրվում»,- պարզաբանել է Մարգվելաշվիլին: Խորհրդարանն այժմ կամ պետք է հաշվի առնի նախագահի դիտողություններն ու լրամշակի օրենքը, կամ հաղթահարի վետոն, որի համար առնվազն 76 պատգամավորի ձայն կպահանջվի:

Մարգվելաշվիլին նշել է, որ խորհրդարանը հեշտությամբ կարող է հաղթահարել իր վետոն, հաշվի առնելով նախագահի առարկությունների հաղթահարմանը միտված՝ խորհրդարանում մեծամասնություն ունեցող իշխող «Վրացական երազանքի» գործելաոճը: Սակայն, միաժամանակ, նա ասել է՝ ժամանակն է մանրամասնորեն ուսումնասիրել օրինագիծը և վետոն հաղթահարելու հնարավորությունը ցուցադրելու փոխարեն Վրաստանի համար լավ օրենսդրություն ընդունել:

Գիրոգի Մարգվելաշվիլին արդեն երկրոդ անգամ է օգտագործում գաղտնալսումների մասին օրենքի վրա վետո դնելու իր իրավունքը: 2014-ին խորհրդարանն ընդունել էր կառավարության հավանությունը ստացած օրենսդրական մի փաթեթ, որն իրավապահ մարմիններին հեռահաղորդակցության միջոցների գործունեությանը միջամտելու լծակներ էր տալիս: Մարգվելաշվիլին առաջին անգամ հենց այդ փաթեթի վրա էր վետո դրել: Դրանից հետո խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն, սակայն, խնդիրը չլուծվեց:

Անցած տարվա ապրիլին Վրաստանի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց գաղտնալսումների մասին օրենքի որոշ նորմեր: Մասնավորպես, Պետական անվտանգության ծառայությունն ուղղակիորեն բջջային ցանցերի, հեռախոսային կապի սերվերների մեջ մուտք գործելու միջոցով գաղնալսումներ կատարելու անսահմանափակ հնարավորություններ էր ստանում: Հակասահմանադրական էր ճանաչվել նաև անհատական տվյալները կրկնօրինակելու և երկու տարի պահելու իրավասությունը:

Վրաստանի Սահմանադրական դատարանը խորհրդարանին մինչև այս տարվա մարտի 31-ը ժամանակ էր տվել՝ նշված նորմերը վերանայելու և փոփոխելու համար: Դրանով զբաղվելու համար այս տարվա հունվարից խորհրդարանում աշխատանքային հատուկ խումբ էր ստեղծվել: Մարտի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց նոր օրինագիծ, որի վրա, սակայն, երկրի նախագահը դարձյալ վետո դրեց:

Գաղնալսումների մասին օրենքի նպատակն է օպերատաիվ-տեխնիկական դեպարտամենտի ստեղծումը, որն իրավասու մարմնի դիմումի հիման վրա, կկարողանա տեխնիկական հատուկ միջոցների ու գաղտնի մեթոդների օգտագործմամբ տեղեկություններ ու տվյալներ հավաքել Վրաստանի ազգային անվտանգությանն առնչվող քրեական գործերի հետաքննության համար: Խոսքը, մասնավորպես, այնպիսի գործողությունների մասին է, որոնք կարող են սպառնալ երկրի սահմանադրական կարգին, ինքնիշխանությանը, պաշտպանունակությանը, տարածքային ամբողջականությանը և ռազմական ներուժին:

Փաստաթուղթը նախատեսում է նաև, որ Օպերատիվ-տեխնիկական դեպարտամենտն իրավունք ունենա գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները, ձայնագրություններ կատարել, տեղեկատվություն քաղել կապի միջոցներից, համակարգչային ցանցերից, վերահսկել փոստային հեռագրերը, էլեկտրոնային հաղորդագրությունները, գաղտնի կերպով տեսաձայնագրություններ, տեսանկարահանումներ ու լուսանկարահանումներ կատարել:

Օպերատիվ-տեխնիկական դեպարտամենտը կոչված է նաև ապահովելու Վրաստանի պետական հաստատությունների և գործակալությունների տեղեկատվական տեխնոլոգիական անվտանգությունը: