Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի իշխանությունը քննադատած լրագրող և բլոգեր Ժանար Ախմետը լքել է երկիրը՝ հայտարարելով, թե մտահոգված է իր անվտանգության համար:
Լրագրողուհին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե մարտի 17-ին իր 9-ամյա որդու հետ ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ էլ մտադիր է բնակություն հաստատել: Վերջինս նշել է, թե Ղազախստանում մի շարք մեղադրանքներով (այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելը) իրեն դատավարություն է սպառնում: Ղազախ բլոգերի պնդմամբ, այդ մեղադրանքները քաղաքական շարժառիթներ ունեն:
Ժանար Ախմետին Կիևի օդանավակայանում դիմավորել է Ղազախստանը դեռևս 2016 թվականին լքած ղազախ ակտիվիստ Երմեկ Նարիմբաևը: Վերջին տարիներին առնվազն ևս 3 ղազախ ակտիվիստներ՝ Մոլդիր Ադիլովան, Այդոս Սադիկովը և Նատալյա Սադիկովան փախուստի են դիմել երկրից և բնակություն հաստատել Ուկրաինայում: