Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը այսօր քարոզարշավ էր իրականացնում Տավուշի մարզում: Քարոզարշավը մեկնարկեց Դիլիջան քաղաքում` Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:
Վարչապետը ելույթի փոխարեն այսօր ևս նախընտրեց քաղաքացիների հետ հարցուպատասխանի ձևաչափը:
Կարեն Կարապետյանին հարց ուղղվեց, մասնավորապես, այն մասին, թե արդյոք կան երաշխիքներ, որ նա կշարունակի մնալ վարչապետ, եթե Հանրապետականները հաղթանակ տանեն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Վարչապետն արձագանքեց, որ «այդ երաշխիքը ժողովուրդը պետք է տա»:
Առավել հաճախ հնչում էին սոցիալական բնույթի հարցեր: Ղարաբաղի մասով վարչապետին հարց ուղղվեց, որին ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց, որ իշխող հանրապետականները, ինչպես և հայտարարել են, շատ վճռական են այդ հարցում և թույլ չեն տա թերի լուծում:
Ուշագրավ է, որ երբ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսում էր տնտեսության մասին, երբեմն տպավորություն էր ստեղծվում, որ հարթակին կանգնած է ընդդիմադիր թեկնածուներից մեկը, քանի որ նա շատ խիստ գնահատականներ էր հնչեցնում, նշում էր, որ շատ թերություններ կան, որոնք այս 25 տարիների ընթացքում այդպես էլ չեն լուծվել:
Տնտեսության մասով վարչապետը այսօր կրկին նշեց, որ իր կառավարությունն ունի 3.2 միլիարդ դոլարի ներդրում, որի աղբյուրները գիտեն: Նա նաև հայտարարեց, որ ունեն 5.2 միլիարդ դոլարի ներդրում, որի աղբյուրները դեռ չգիտեն:
Կոնկրետ Տավուշի մարզում վարչապետը խոստացավ առաջիկա տարվա ընթացքում 1900 նոր աշխատատեղ ստեղծել, ինչպես նաև 27 միլիոն դոլարի ներդրում այս տարի:
«Մենք կարո՞ղ ենք արդեն տասնյոթ թվականի վերջից մեր վրա զգալ, որ մեր կյանքում փոփոխություն է կատարվել. կարծում եմ` այո: Ինչի՞ց է դա կախված` մեր աշխատանքից», - հայտարարեց վարչապետը` մանրամասնելով. - «Մենք, իրականում, այս երկու ամսվա ընթացքում ունենք ցուցանիշների շատ մեծ աճ` 16 տոկոս արդյունաբերության աճ, 36 տոկոս արտահանման աճ, 10.9 տոկոս սեփական եկամուտների հավաքագրման աճ: Բայց որևիցե մեկը մեզանից իր մաշկի վրա չի զգում, ճի՞շտ է: Մենք դեռ այնքան պիտի անենք, որ գանք հասնենք մի կետի, որ հաջորդ օրը դա տա կյանքի որակի փոփոխություն: Ես դա համեմատում եմ հողի հետ, որը այնքան է չորացել, որ պիտի այնքան ջրես, որ ինքը կակղի և սերմը վրան գցես` բերք տա: Հիմա մենք դա ենք անում: Մի հուսահատվեք, լավ է լինելու»:
Հաջորդ կանգառը Իջևան քաղաքում էր, որտեղ ելույթներ ունեցան պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Իր ելույթում Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, իջևանցիներին խորհուրդ տվեց խոստումներ տվողներից հետաքրքրվել, թե ինչպես և ինչի հաշվին են դրանք կյանքի կոչելու, և անդրադառնալով Հանրապետական կուսակցությանը` նշեց, որ իրենց բոլոր խոստումների դեպքում կան նաև այդ հարցերի պատասխանները: