ՕՐՕ դաշինքը նախընտրական հանդիպումներում մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց «Հաց բերողին»

Գեղարքունիքում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամներին դիմավորեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով: Նրանք նախ հանդիպեցին վարդենիսցիների, հետո մարտունեցիների և գավառցիների հետ։ Եվ բոլոր քաղաքներում քարոզարշավը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին օրերս մահացած Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հիշատակը։

«Իր մահվան մեջ մեղավոր է իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ուրիշ ոչ ոք: Թող բժիշկների վրա հանկարծակի մեղք չբարդեն: Ես հիմա զգում եմ, որ փորձում են բժիշկների վրա մեղքը բարդեն», - իր խոսքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Ներկայացնելով նախընտրական ծրագիրը՝ դաշինքի անդամ, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց՝ իրենք Գեղարքունիքում են, որպեսզի իշխանությունը տան ժողովրդին: Նախկին պաշտպանության նախարարը խոստացավ, որ ընտրվելու դեպքում իրենց ուշադրության կենտրոնում է գտնվելու ցանկացած քաղաքացի։

«Գալիս, անցնում են և, ձեր խոսքն է, որ հինգ տարիների ընթացքում այլևս չեն երևում ժողովրդի մոտ: Մենք չափազանց մեծ ուշադրություն ենք դարձնելու հաշվետվողականության գաղափարին և անհրաժեշտության դեպքում վստահության հանրաքվե ենք անցկացնելու: Եթե հաղթանակելուց հետո ժողովուրդը մեզ չվստահի շարունակել կառավարել, ապա մենք չենք կառավարելու», - հայտարարեց Օհանյանը:

Դաշինքի անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքով՝ իրենց շարքերում կան այնպիսի մարդիկ, որոնք կարող են երկրում դրական փոփոխություններ իրականացնել:

«Այստեղ կան ազնիվ մարդիկ, մարդիկ, որոնք ճանապարհ են անցել, ունեն լրջագույն փորձ և՛ կառավարման համակարգում, և՛ ընդդիմության մեջ, և՛ նաև ունեն հստակ տեսլական, թե ինչ կարելի է անել երկիրը այս վիճակից հանելու և զարգացման ճիշտ ճանապարհի վրա դնելու համար: Մենք ծրագիր ներկայացրել ենք, դա անվանել ենք 365 օր՝ ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց», - նշեց Օսկանյանը:

Մարտունիում քարոզարշավը շարունակվեց առատ ձյան տակ։ Հավաքին ներկա բնակիչներից հետաքրքրվեցինք, թե ինչ խնդիրներ ունեն և որ քաղաքական ուժի հետ են կապում դրանք լուծելու իրենց հույսերը։