Կլայդերմանը համերգով հանդես կգա Երևանում

Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում այսօր երեկոյան համերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։

Համերգի ընթացքում հնչելու են հանրահայտ ու սիրված ստեղծագործություններ: 63-ամյա ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահարը ձայնագրել է ավելի քան 1300 ստեղծագործություն՝ դասական և փոփ երաժշտության միավորմամբ ստեղծելով նոր ոճ երաժշտության մեջ: Գինեսի գրում նրա անունը գրված է որպես աշխարհի ամենահաջողակ դաշնակահար: Նրա առաջին ձայնասկավառակը վաճառվել է 22 մլն օրինակով՝ միանգամից մեծ հռչակ բերելով հեղինակին, որը մինչև այսօր ընդհանուր առմամբ թողարկել է 100 ձայներիզ՝ ավելի քան 90 մլն տպաքնակով։

Ռիչարդ Կլայդերմանն արդեն երկրորդ անգամ է հանդես գալիս Հայաստանում: Համերգից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մաեստրոն շեշտում էր, որ հենց առաջին անգամ հյուրախաղով հանդես գալուց հետո հիացել է Հայաստանով և հիմա էլ մեծ սիրով է եկել նվագելու գալու հայ երաժշտասերների համար:

«Նախորդ համերգից ստացածս տպավորություննները շատ խոսուն էին․ այստեղ իրոք գնահատում և սիրում են արվեստը», - նախքան համերգը հանդիպելով հայ լրագրողների հետ՝ հայտարարեց Կլայդերմանը:

Ֆրանսիացի դաշնակահարն առհասարակ առավել կոմերցիոն երաժշտի համբավ ունի: Շատ երաժշտագետներ ափսոսում են, որ նա միայն դասական երաժշտությամբ չի զբաղվել: Ի պատասխան լրագրողներից մեկի հարցին Կլայդերմանն ասաց, որ չի ափսոսում դրա համար․ - «Ես գնացել եմ դեպի ավելի պոպուլյար երաժշտություն, բայց այդ անցումը շատ բնական կերպով է արվել: Ես միգուցե չէի տեսնում, որ կարող էի դասական դաշնակահարի կարիերա ունենալ: Ես գնացի դեպի այն երաժշտություն, որ ինձ դուր էր գալիս: Կարծում եմ, որ ճիշտ եմ արել, որովհետև հենց դրա շնորհիվ է, որ կարողացել եմ պտտվել աշխարհով մեկ և ինչու ոչ՝ հենց գալ Հայաստան»:

Կլայդերմանն ասաց, որ կանանց շատ է սիրում և իր նվագացանկում սիրային բազմաթիվ հրաշալի երգեր կան, որոնք վաղուց հիթեր են դարձել: Ի դեպ՝ նրա այս համերգն էլ նվիրված է Հայաստանում կանանց և գեղեցկության մեկամսյակին: