Քննչական կոմիտեի փոխանցմամբ, Ջրառատում մարտի 14-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով, այսօր մեղադրանք է առաջադրվել 1982 թվականին ծնված Տիգրան Սարգսյանին։
«Քրեական գործով իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Ջրառատում 3 անձի մարմնական վնասվածքներ ստանալու պատճառ հանդիսացած վիճաբանության բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Նախնական քննության տվյալներով՝ 2017 թվականի մարտի 14-ին` ժամը 14-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների միջև տեղի ունեցած վիճաբանության հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով գյուղի համայնքապետարանի մոտ հանդիպել են նրանց հարազատները և կողմնակիցները։
Վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը այլ անձանց հետ միասին ծեծի է ենթարկել Մելիք Մելքոնյանին, Հակոբ Մելքոնյանին և անչափահաս Արայիկին, արձակել կրակոցներ, որի արդյունքում Մելիք Մելքոնյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, Հակոբ Մելքոնյանին և անչափահասին՝ միջին ծանրության վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Տ.Սարգսանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ միջադեպի մյուս մասնակիցների գործողություններն անհատականացնելու ուղղությամբ», - ասված է ՔԿ հաղորդագրությունում։
Ավելի վաղ կոմիտեից «Ազատությանը» փոխանցել էին, որ Ջրառատի միջադեպն ընտրություններին չի առնչվում: