Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը համոզված է, որ «Հաց բերող»-ի մահը հնարավոր էր կանխել․ իշխանություններն ընդամենը կամք պիտի դրսևորեին, օրենքի պահանջին հետևեին․ - «Առողջական պայմանները առանց հաշվի առնելու և կոպտորեն խախտելով և՛ միջազգային, և՛ նույնիսկ հայաստանյան օրենքները և ենթաօրենսդրական կարգը, Արթուրը փաստորեն դատապարտվեց մահվան»:
Ենիգոմշյանի խոսքով՝ Արթուր Սարգսյանից իշխանությունները վրեժ էին լուծում, նաև մյուսներին ցույց տալիս, որ այդ տեսակը չի հանդուրժվելու․ - «Պատժել մարդկանց, ովքեր համարձակվում են ընդվզել այս տիրող անընդունելի համակարգի դեմ, որպեսզի նրանց ազնիվ պայքարի օրինակը արձագանքներ չունենա ժողովրդի մեջ: Այսինքն, մնացած մարդիկ վախենան՝ տեսնելով, թե ինչ է պատահում պայքարողի հետ, նույնիսկ նման պայմաններում գտնվող պայքարողի հետ»։
Փաստաբան Երվանդ Վարոսյանի գնահատմամբ, այս գործը մինչև Եվրոպական դատարան պիտի հասնի, եթե հայաստանցի իրավապահները գոնե հիմա միջոցներ չձեռնարկեն՝ պարզելու, թե արդյոք խախտվել է Եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածը՝ կյանքի իրավունքը․ - «Որևէ բան անպատիժ էս հարցում պիտի չմնա: Բոլոր այն անձինք, ովքեր հանիրավի մեղադրել են նրան, հանիրավի նրա նկատմամբ խափանման միջոցը կալանք են ընտրել և միջոցներ չեն ձեռնարկել նրան այդ վիճակից ազատելու համար ժամանակին, օրենքով սահմանված կարգով, բոլորը պիտի պատասխանատվության ենթարկվեն»:
Փաստաբանն անգամ տարակուսած չէր, որ իրավապահները մարդասիրություն չեն դրսևորել, երբ առանց այն էլ վատառողջ «Հաց բերող»-ը շուրջ մեկ ամիս չէր սնվում․ - «Հայաստանում մարդասիրության սկզբունքը վաղուց մոռացված է և ուղղակի գրված է որպես սկզբունք Քրեական դատավարության օրենսգրքում․․․ Ի՞նչ մարդասիրություն: Հայաստանում կալանքը առհասարակ դարձել է նախապայման»:
«Հետք» պարբերականի իրավական լրագրող Զարուհի Մեժլումյանը դեռ ամառվանից հետևում էր Արթուր Սարգսյանի գործին․ - «Արդարադատությունը բոլորովին այլ բան է, վրեժխնդրությունը՝ այլ բան: Բժիշկների կոնսիլիումը տվել է եզրակացություն, որ պատժի կրման հետ անհամատեղելի է Արթուր Սարգսյանի հիվանդությունը: Այնուհետև կատարվել է հանձնաժողովային փորձաքննություն, և հանձնաժողովի անդամները, որոնք Արդարադատության նախարարությունից են, Առողջապահության նախարարությունից՝ բժիշկներ, մասնագետներ, նրանք տվել են նույնանման կարծիք, որ պատժի կրման հետ, այո՛, անհամատեղելի է Արթուր Սարգսյանի հիվանդությունը: Բայց, չգիտես ինչու, քննիչը գրել է, որ կասկած է հարուցում, և կայացրել է որոշում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն կատարելու մասին»:
Զարուհի Մեժլումյանը ազատության մեջ առաջին հարցազրույցն էր արել «Հաց բերողի» հետ, նա խնդրել է չկրճատել խոսքը, հրապարակել ամբողջությամբ․ - «Ասացի՝ Արթուր, գիտես, հատվածներ կան, որոնք քեզ կարող են վնասել: Ասաց՝ ինչ է, ազատ խոսք չկա՞ մեր երկրում, ինչպե՞ս կարող է ինձ դա վնասել: Եվ էդպես համարձակ, էդպես շիտակ, էդպես պարզ»:
Ալեք Ենիգոմշյանը հանդիպումներ էր ունեցել, հասցրել էին ընկերանալ․ - «Ազնիվ հայ մարդու, արդար մտածող մարդու, արդարության համար լռել չցանկացող, ձեռնածալ մնալը մերժող մարդու մարմնավորումն էր»:
Հիմնադիր խորհրդարանը դիմել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, որպեսզի Արթուր Սարգսյանը հուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ որպես ղարաբաղյան պատերազմի մասնակից: