Սերժ Սարգսյանը շնորհավորել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին 95-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելում է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին, Երևան, 30-ը մարտի, 2012թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր Սերգեյ Համբարձումյանին ծննդյան 95-ամյակի կապակցությամբ:

«Հպարտ եմ, որ Ձեզ հետ ծանոթ լինելու և շփվելու պատիվն ունեմ, քանի որ Դուք իսկապես մարդ-դարաշրջան եք: Անուրանալի է Ձեր ավանդը ճարտարագիտության, մեխանիկայի և կրթության ասպարեզներում, որն իր արժանի գնահատականն ու ճանաչումն է ստացել ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Գնահատելի է Ձեր երկարամյա մանկավարժական գործունեությունը: Տասնամյակներ շարունակ հիմնարար գիտության լավագույն ավանդույթները երիտասարդ սերնդին փոխանցելու առաքելությունը Դուք կատարել եք պատվով և մեծ բծախնդրությամբ: Գիտական հետազոտությունների կազմակերպչի տաղանդը լավագույնս բացահայտվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում և Երևանի Պետական համալսարանում Ձեր աշխատելու տարիներին», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում:

«Մեծ գնահատանքի է արժանի նաև Ձեր հասարակական և քաղաքական գործունեությունը: Անգամ ամենադժվարին պահին Դուք երբեք չընկրկեցիք և հայ մտավորականին վայել արժանապատվությամբ պաշտպանեցիք Հայաստանի ազգային շահերը, հատկապես՝ Արցախի հարցում», - Սերգեյ Համբարձումյանին գրել է Սերժ Սարգսյանը: