ՀՀԿ Աջափնյակի շտաբի հավաստմամբ՝ երեկվա միջադեպը «աղերս չունի ընտրությունների հետ»

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում նախօրեին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի և «իր նախկին մտերիմներից մեկի միջև տեղի ունեցած վիճաբանությունը, որը, ցավոք, ուղեկցվել է ֆիզիկական ուժի գործադրմամբ, բացարձակապես աղերս չունի քաղաքական գործընթացների և գալիք ընտրությունների հետ»: Այդ մասին այսօր հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Աջափնյակի նախընտրական շտաբի մամլո ծառայությունը:

«Կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ տեղի ունեցածը ի սկզբանե հրահրվել է անձամբ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի և իր համակիրների կողմից ՀՀԿ նախընտրական շտաբերից մեկի մոտակայքում: Ինչ վերաբերում է ապրիլի 2-ից հետո հնարավոր զարգացումներին, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀԿ Աջափնյակի կառույցը ջատագովն է իրականությունը պարզելու և բոլոր մեղավորներին իրենց տեղը դնելու, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից», - հայտարարում է շտաբը՝ «գալիք ընտրություններին Աջափնյակում վերահաս պարտությունից սադրանքների դիմող» թեկնածուի թիմին առաջարկելով «վերադառնալ քաղաքակիրթ հարթություն»:

«Մեր կողմից գործադրելու ենք բոլոր ջանքերը ընտրական գործընթացներն օրինականության դաշտում պահելու ուղղությամբ», - վստահեցնում է իշխող կուսակցության Աջափնյակի նախընտրական շտաբը:

Հիշեցնենք, ԲՀԿ մամուլի խոսնակը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ երեկ երեկոյան Աջափնյակում ՀՀԿ թեկնածու «Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ»:

Դատախազությունը և ոստիկանությունը այսօր հայտնեցին, որ պարզում են տեղի ունեցածի իսկությունը: