«Ազատություն». - Պարոն Օսկանյան, նախ կուզենայի Ձեր քաղաքական գնահատականը՝ Ջրառատում տեղի ունեցած արյունալի միջադեպի կապակցությամբ, որում, ըստ Ձեր դաշինիքի աջակիցների, ներգրավված են նաև Հայաստանի փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանը, ովքեր Ջրառատի հանրապետական գյուղապետի քեռիներն են: Ձեր աջակիցներից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն այս գործողությունները բանդայի գործողությունների հետ համեմատեց։
Օսկանյան. - Ամեն մեկը յուրովի իր գնահատականը տալիս է, բայց, մեծ հաշվով, ես դրական եմ գնահատում այն, որ քաղաքական գործիչները միանգամից արձագանքեցին այս երևույթին, դատապարտեցին բոլորը։ Ես ասեմ, հակառակ, գիտեք, որ հետևանքները վատ են եղել, բայց ես իրոք գոհ եմ, որ մեր տղաները՝ ակտիվիստները անդրադարձել են այդ բոլորին, արձագանքել են, համապատասխան պատասխան են տվել՝ իրենց արժանապատվության նկատմամբ եղած ոտնձգություններին, և դրանով, ես կարծում եմ, որ իրենք դրական նպաստ են բերում ընդհանրապես մեր հասարակության՝ նման երևույթների դեմ պայքարին։ Դրա համար էլ ես իսկապես շատ գոհ էի, որ տղաները կարողացան իսկապես ինքնապաշտպանվել՝ անկախ վերջնարդյունքից։
«Ազատություն». - Այսինքն՝ բռնությանը բռնությամբ պատասխանելու այստեղ...
Օսկանյան. - Չէ, դու պետք է կարողանաս քեզ պաշտպանել, թույլ չտաս, և ես շատ գոհ եմ, որ բոլորն իսկապես միաբերան դատապարտում են տեղի ունեցած այս երևույթը, որը միանշանակորեն մեր ընտրարշավի դեմ ուղղված քայլ էր։
«Ազատություն». - Երեկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին իր աջակցությունը հայտնեցին «Սասնա ծռերի» գործով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը։ Նրանք ողջունում էին, որ վերջապես կա մի ուժ, որի աջակիցները փորձել են նաև ուժի միջոցով իրենց արժանապատվությունը պաշտպանել, ինչի մասին նաև Դուք խոսեցիք, ի՞նչ եք կարծում, այս հայտարարությունը, որտեղ աջակցություն են հայտնում Ձեր դաշինքին, չի՞ վնասի ձեզ, նկատի ունեմ՝ ձեր անունը չի՞ կապվի «Սասնա ծռերի» հետ:
Օսկանյան. - Ես զարմանում եմ, որ Դուք այդ կերպ եք ձևակերպում հարցը, որովհետև հիշենք, թե «Սասնա ծռերի» օրերին ինչպիսի ժողովրդական աջակցություն ունեին այս տղաները, բոլորս լավ հասկացել էինք, թե ինչու էին այդ տղաները նման քայլի գնացել։ Ոչ, ես կարծում եմ, որ դա միայն դրական կանդրադառնա։ Ես ողջունում եմ նրանց հայտարարությունը և գոհունակություն եմ հայտնում, որ նրանք աջակցում են մեզ։ Որովհետև այդ տղաները որոշ սկզբունքային խնդիրներ են դրել, ընդհանրապես մեր հասարակության առաջ լուրջ խնդիրներ են բարձրացրել՝ Լեռնային Ղարաբաղի հարցում, երկրում ժողովրդավարության ամրագրման հարցում, քաղաքական մենաշնորհի վերացման հարցում, երկրի ինքնիշխանության վերականգնման հարցերում։ Եվ ես ուրախ եմ, որ նրանք մեր քաղաքական ուժի մեջ են տեսնում այդ խնդիրների որպես լուծողի, ինչպես նաև այդ հարցերի բարձրացնողի և այդ սկզբունքների պաշտպանի, որովհետև դրանք կարևոր սկզբունքներ են, որ նրանք բարձրացրել են մեր հասարակության առաջ, և նաև մենք դրական ենք վերաբերվել այդ հարցերին։ Եվ այստեղ այդ իմաստով ես և՛ ողջունում եմ, և՛ դրական վերաբերմունք ունեմ գործնականում այն մասով, որ նրանք մեր մեջ տեսնում են այն ուժը, որ կկարողանա այս խնդիրներին լուծում տալ։
«Ազատություն». - Ես նկատի ունեի, որ դուք մտավախություն չունե՞ք, որ ձեր անունը կկապվի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման հետ։
Օսկանյան. - Սրանք հայրենասեր տղաներ են, Ղարաբաղի ազատագրման հարցում մեծ լումա ունեն, մեծ ներդրում ունեն։ Մեր ժողովուրդը շատ դրական վերաբերմունք ունի նրանց նկատմամբ և ժողովուրդն այդ օրերին իր դրական գնահատականը տվել է իրենց բարձրացրած խնդիրներին, և այն, ինչ արել են, ես դիտարկել եմ՝ այն ժամանակ էլ, այսօր էլ, քաղաքական հարթությունում, որովհետև դա քաղաքական արարք է եղել, և այդ հարթության մեջ պետք է դիտարկել ընդհանրապես նրանց վերաբերմունքն առհասարակ։
«Ազատություն». - Ես ուզում եմ մի մեջբերում անել, պարոն Օսկանյան, և կուզենայի Ձեր գնահատականը դրա հետ կապված՝ «անշուշտ մասշտաբները համեմատելի չեն, սակայն, երևույթը վկայում է այն մասին, որ շարունակում է ծիլեր արձակել բռնության դեմ ընդվզելու և բռնությամբ պատասխանելու առողջարար մղումը»։
Օսկանյան. - Նայեք, կարող է բառերի ընտրությունը ես այլ կերպ ձևակերպեի։
«Ազատություն». - Սա բռնության կոչ չե՞ք ընկալում։
Օսկանյան. - Ես ասացի՝ արժանապատվության պաշտպանության, ես միայն այդ հարթության վրա եմ դա դիտարկում։ Ինչ եղավ Ջրառատ գյուղում, դա այդ տղաների՝ իրենց արժանապատվությունը պաշտպանելու և չընկրկելու կյանքի սպառնալիքի առաջ, դրա դրսևորումն է եղել և դա ողջունելի է։