Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին Ընտրական օրենսգրքով արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:
Երեկ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Մովսիսյանը խոստացել է ասֆալտապատել կենտրոնական փողոցը:
«Հենց հիմա զանգեք, կանչեք ստեղ էդ գյադուն՝ ասֆալտ անողին․․․ Սաղ գյուղին հավաքեք, թո ինձ ձեն տան: Բայց մինչև ձեն տալը դուք կտենաք արդյունքը», - Tert.am-ի հրապարակած տեսանյութում ասում է Մովսիսյանը:
Այսօր արդեն Առաքել Մովսիսյանը պնդեց, թե խոստումն ընտրություններից հետո է կատարելու․ - «Իհարկե խոստացել եմ, որ ընտրություններից հետո անել: Վատ բան ե՞մ արել»:
Դիտարկմանը, թե երեկ արդեն կանչում էր ասֆալտ անողին, Մովսիսյանը հակադարձեց․ - «Կանչել էին, որ նայի, տենա քանի մետր ա, ոնց ա հնարավոր անել, ինչքան ժամանակում․․․ Ես էդ հարցով եմ կանչել իրան, որ ինքը նայի, չէ՞ որ ես մասնագետ չեմ: Ի՞նչ գումար կնստի, ծրագրո՞վ ենք անում, սեփական միջոցներո՞վ ենք անելու, ընկերական միջոցներո՞վ ենք անելու: Դա ա խնդիրը: Ես հո ասֆալտչիկ չե՞մ, որ կարանամ նայելով ասեմ»:
ԿԸՀ հաղորդագրության համաձայն, խախտման վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են կուսակցության լիազոր ներկայացուցիչներին և պահանջել դադարեցնել խախտումը և հետագայում օրենքի նման խախտումներ թույլ չտալ։
«Ընձի տենց բան ոչ ոք չի ասել: Կուսակցությունը կորոշի խախտում ա, ես կընդունեմ խախտում ա: Կասեն խոստումներ մի տուր, իրանք չեն իմանա, խոստում եմ տալիս, թե չեմ տալիս: Իրանք որտեղի՞ց պտի իմանան ինչ եմ խոսք տվել: Ես քարոզարշավի եմ էթում: Եթե խոստում տալու ըլնեմ, էդ մարդիկ կտենան, որ խոստում եմ տվել․․․ Ինչի՞ մասին ա: Ախր ես զարմանում եմ ձեր հարցերի վրա: Հո ինձի չե՞ն կախելու, այ ցավդ տանեմ: Եթե անկեղծ խոսեմ, ես իմ ժողովրդի հետ ատ դուշի քեֆ եմ արել ամեն ձևի․․․ դա է՞լ ա ընտրակաշառք, որ հաց ենք կերել իրար հետ․․․ Հավ էին մորթել, ինձի հրավիրեցին իրանց տուն հավ ուտելու: Գյուղական, սիրուն մեր համար նստել, հաց ենք կերել։ Ի՞նչ կար որ դրա մեջ․․․ դուք սարքել եք հայոց պատմություն»:
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան`այդ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: