Դաշնակցությունը «դանդաղ իրագործում է իր ծրագրերը»

ՀՅԴ ղեկավար անդամ Աղվան Վարդանյանը, արխիվ:

«Մինչ մյուս ուժերը բարեփոխումներ են խոստանում, ՀՅԴ-ն վերջին 20 տարիներին դրանք դանդաղ իրագործում է», - վստահեցրին Դաշնակցության ներկայացուցիչները այսօր Երևանի Աջափնյակ համայնքում Սողոմոն Թեհլերյանի արձանի հարակից հրապարակում նախընրտական հանդիպման ընթացքում։

ՀՅԴ ղեկավար անդամ Աղվան Վարդանյանն ընդծեց, որ ընտրողներից շատերի համար դժվար կլինի տարանջատել ու հասկանալ, թե ում օգտին քվեարկել:

Վարդանյանի խոսքով՝ Դաշնակությունը միակ կուսակցությունն է, որ ընտրությունների գնում է բացարձակապես ինքնուրույն՝ ի տարբերության միայնակ ընտրություններին մասնակցող մյուս 4 ուժերի, որոնց ցուցակներում կան նաև անկուսակցականներ:

Նա ասաց նաև, որ Դաշնակցությունը մեկ անձի կուսակցություն չէ՝ ի տարբերություն մեկ անձով ներկայացված որոշ կուսակցությունների:

Աղվան Վարդանյանի խոսքով, Դաշնակցությունը, դարձյալ ի տարբերություն այլ ուժերի, իրագործում է համակարգային փոփոխություններ իրականացնելու իր խոստումը՝ օրինակ բերելով վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության բարեփոխումները, որոնց հիմքում «նաև Դաշնակցության բարձրացրած խնդիրներն են»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանը իր ելույթում ասաց, որ «պատգամավորի գործը ժողովրդին ծառայելն է», սակայն ընտրարշավը վերածվել է «փողի և կաշառքի» արշավի։

«Ազատությունը» ավելի ուշ փորձեց Մանուկյանից պարզել, թե մասնավորապես որ ուժերն են «փող և կաշառք» բաժանում, սակայն պատգամավորը անուններ կհնչեցրեց՝ ասելով, թե այս պահին դա նպատակահարմար չէ:

Աղվան Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում դատապարտեց երեկ Ջրառատ գյուղում տեղի ունեցած արյունալի միջադեպը․ - «Եվ արդեն իսկ կրկնության պարագայում ուղղակի պարտավոր են իրավապահ մարմինները, ոստիկանությունը մինչև վերջ բացահայտել ամբողջ էությամբ և մեղավորներին, անկախ նրանց դիրքից, պաշտոնից, չգիտեմ ում հանդեպ ունեցած ծառայություններից, օրենքի ամբողջ խստությամբ պատժել»: