Հայաստանը շահագրգռված է զարգացնելու Թուրքմենստանի հետ հարաբերությունները, տնտեսության ու հատկապես էներգետիկայի ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ այսօր ընդունելով Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Չարիմիրատ Պուրչեկովին, ով Երևան է ժամանել հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրուցակիցները կարևորել են Հայաստանի վարչապետի՝ առաջիկայում նախատեսված պաշտոնական այցը Թուրքմենստան, որի շրջանակում կողմերը կքննարկեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նախագծեր ու ծրագրեր:
Կարապետյանը և Պուրչեկովն անդրադարձ են կատարել առևտրատնտեսական հարաբերությունների, էներգետիկ միջանցքների, իրավապայմանագրային դաշտի զարգացման, գյուղատնտեսության, օդային հաղորդակցության, կրթության և գիտության, մշակութային, հումանիտար բնագավառներում համագործակցությանը: