«Գյուղապետարանից զենքը հանել են ու հասել մերոնց վրա». տուժածի մայր

Զինա Մելքոնյան

Երեկ Ջրառատում տեղի ունեցած միջադեպը սկիզբ է առել դպրոցում՝ պատանիների միջև ընդհարմամբ, այնուհետև այն տեղափոխվել է գյուղապետարանի հարակից տարածք։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց հրազենային վիրավորումով հիվանդանոց տեղափոխված 17-ամյա Հայկ Մելքոնյանի մայրը՝ Զինա Մելքոնյանը։

Զինա Մելքոնյան. - Գյուղապետի եղբոր տղան՝ 9-րդ դասարանի Ռաֆայելը, հայհոյել է տղայիս՝ ընկերոջ մոտ։ Ընկերը հայտնել է իմ տեգոր տղային, որ Ռաֆայելը սենց հայհոյում է։ Տեգորս տղան գնացել, ասել է՝ «ինչո՞ւ ես հայհոյում», նա էլ ասել է՝ «լավ եմ անում, արի գնանք գյուղապետարանի մոտ խոսենք»։ Էրեխուն քաշել են գյուղապետարանի մոտ... մի խոսքով, զանգեց երեխան, որ բոլորը թափվել են վրան, ձեռքը լոմով կոտրած, գնացել են ու տենց գյուղապետարանից զենքը հանել են ու հասել են մերոնց վրա։ Ես գնացի առաջ, կրակոցներ լսեցինք, մենք արդեն պատկերացրեցինք՝ երեխայի վրա հարձակվել են։

Ջրառատում, հիշեցնենք, միջադեպ էր գրանցվել նաև փետրվարի 12-ին: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարել էր, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի գյուղապետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Գալստյանը, ով, ըստ դաշինքի հաղորդագրության, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, սպառնալիքներ է հնչեցրել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։

Երեկ կայքերից մեկը տեսանյութ էր տարածել, ըստ որի՝ երեկվա միջադեպին ներկա է եղել նաև Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։

«Ազատություն». - Երանոսյանների մասնակցության մասով ի՞նչ գիտեք, իրենք եղե՞լ են այնտեղ։

Զինա Մելքոնյան. - Դե դրանք են, էլի։

«Ազատություն». - Այսինքն՝ սա ընդդիմադիր դաշինքի հանրահավաքին հաջորդա՞ծ միջադեպ է։

Զինա Մելքոնյան. - Չհասկացանք, ընդդիմությունը ո՞րն է, մենք անկուսակցական ենք, ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ բան, մենք իրավունք չունե՞նք գնալ, տեսնել ինչ-որ մի քաղաքական...

«Ազատություն». - Այսինքն՝ դրա պատճառո՞վ է եղել։

Զինա Մելքոնյան. - Հայհոյանքներից է սկսվել։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը, հիշեցնենք, երեկ հայտարարեց, որ Ջրառատ գյուղում դարձյալ զենքի կիրառմամբ միջադեպ է եղել իրենց դաշինքի համակիրների նկատմամբ, երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մեկը՝ հրազենային վիրավորումով:

Դեպքից ավելի ուշ ոստիկանությունից հաղորդեցին, որ կրակոցներ արձակելու մեջ կասկածվող՝ Ջրառատ համայնքի բնակիչ, 1982 թվականին ծնված Տիգրան Սարգսյանը Վաղարշապատի ոստիկանության բաժանմունք է տեղափոխվել:

Ըստ ոստիկանության, նախնական տեղեկություններով՝ վիճաբանությունը ծագել է Ջրառատի դպրոցում, ավելի ուշ վեճի մասնակիցներին միացել են այլ գյուղացիներ: Փորձ է արվել կիրառել ինքնաձիգ, ներկաները փորձել են կանխել դա, ինչից հետո հնչել են կրակոցներ: Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հավաստմամբ, Ջրառատում իրավիճակը «վերահսկելի է»: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: