Ստյոպա Սաֆարյան․ Իմ մրցապայքարը այլևս իմ քաղաքացու հեռանկարի համար է

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության քարոզարշավն այսօր Երևանի Նոր Նորք թաղամասում էր։ Այստեղ թիվ 1 ընտրատարածքում կուսակցության տարածքային ցուցակով առաջադրվել է 6 թեկնածու, որոնց շարքում է «Ժառանգության» նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը։

«Մենք կարողանալու ենք, ժողովուրդ ջան», - ասում էր նա: - «Մենք իսկապես էդքան վատը չենք, ինչքան մեզ ներկայացնում են: Մենք լավն ենք»:

Ճանաչելով նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանին՝ որոշ քաղաքացիներ ներկայացրեցին իրենց խնդիրները։

Նրանցից մեկի խնդրանքին Սաֆարյանն արձագանքեց․ - «Մինչև հիմա պետք է հասկացած լինեիք, որ պատգամավորն ասֆալտ անելու համար չէ։ Պատգամավորը լավ օրենք գրելու համար է»:

Քաղաքացին այդուհանդերձ պնդեց․ - «Ասֆալտը չեմ ուզում անեն կաշառքի ձևով․․․ Մենք ապրում ենք անբարեկարգ ճանապարհի վրա, մեր բակ ավտո չի մտնում: Հիմա դա մեր դեպուտատը չպիտի՞ դա անի»։

Սաֆարյանը թիվ մեկ ընտրատարածքում պարտվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանին, ով նույնպես առաջիկա ընտրություններին առաջադրվել է։ Նախկին մրցակցի հետնոր պայքարի մեջ մտնելու պատճառները, ըստ Սաֆարյանի, բազմաթիվ են:

Նախորդ ընտրություններում Սաֆարյանն այս ընտրատարածքում պարտվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանին, ով այդ ընտրություններում նույնպես առաջադրվել է:

Երկրորդ անգամ նույն մրցակցի հետ ընտրապայքարի մեջ մտնելու պատճառները, ըստ Սաֆարյանի, բազմաթիվ են․ - «Ես անցած ընտրապայքարից մի բան հասկացա. իմ մրցապայքարն այլևս իմ համաքաղաքացու քվեի համար է, իմ քաղաքացու հեռանկարի համար է։ Բայց ես վստահ եմ, որ այժմ եթե մենք նույնիսկ արձանագրենք նախկին մեր հաջողությունը այս ընտրատարածքում, այս ընտրատարածքում մեզ հավատացող, մեզ համակրող մարդիկ կունենան իրենց ձայնը խորհրդարանում»։

«Ժառանգության» նախկին ղեկավար անդամի ընտրվելու շանսերը «Ազատության» հետ զրույցում գնահատեց նրա կինը՝ Արմինե Մանուչարյանը․ - «Ես ինքս տեսնում եմ ինչպես է ժողովուրդը իրեն սիրում: Դուք չեք պատկերացնի օրեկան ինչքան մարդ է ինձ ասում, զանգահարում և սեր խոստովանում, որ իրենք սիրում են Ստյոպա Սաֆարյանին: Ինձ թվում է, ինքը որ հարթակում էլ լինի, ինքը հայ ժողովրդի համար է ծառայելու, ու Աստված իր կողմից է»: