Սարի թաղի գործով անցնող Կարեն Վանոյանը հացադուլ է սկսել

Բողոքի ցույց նախագահականի մոտ՝ կալանավորված սարիթաղցիներին ազատ արձակելու պահանջով, 19-ը հոկտեմբերի, 2016թ.

Սարի թաղի գործով անցնող Կարեն Վանոյանը ժամեր առաջ հացադուլ է սկսել։ Նա բողոքում է քրեական գործից:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակ Գոռ Ղլեչյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Վանոյանն առանձնախուց է տեղափոխվել և գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Նույն գործով կալանավորվածներից մեկի՝ Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանն, «Ազատության»-ը փոխանցեց, որ երկուշաբթի էլ իր ամուսինն է պատրաստվում հացադուլ սկսել:

Կես տարի առաջ զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։

Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցած բախումները սարիթաղցիները մեկնաբանում են որպես բողոքի ձայն բարձրացնելու փորձ։ Ոստիկանությունն, իր հերթին, հայտարարում է, թե քաղաքացիները քարերով հարվածներ են հասցրել իրենց: Այս գործով տուժող է ճանաչվել 7 ոստիկան, 10 սարիթաղցի կալանավորվել է։

Գործով դատական նիստերը կշարունակվեն միայն ընտրություններից հետո։