ԵԽ զեկույց․ Հայաստանյան բանտերում շարունակում են մտահոգիչ մնալ մի շարք խնդիրներ

«Անցած 10 տարիների ընթացքում Հայաստանում աճել է ազատազրկվածների թիվը՝ ավելանալով 38 տոկոսով», - արձանագրել է Եվրոպայի խորհուրդը այսօր հրապարակված զեկույցում: - «Եթե 2005-ին ազտազարկված էր մոտ 3 հազար մարդ, ապա 2015-ին ճաղերի հետևում գտնվողների թիվն աճել է հազարով։ Բանտերում 2015-ին պահվող անձանց թիվը գերազանցել է եվրոպական երկրների միջին ցուցանիշը»:

Նման իրավիճակ է նաև հարևան Թուրքիայում։

Փաստաբան Արա Ղարագյոզյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ զեկույցում տեղ են գտել այն բոլոր խնդիրները, որոնք տարիներ շարունակ մտահոգում են իրենց, և որոնց մասին բազմիցս են բարձրաձայնել։ Նրա կարծիքով, ազատազրկվածների թվի ավելացումը խոսում է արդարադատության պակասի և այն մասին, որ գրեթե միշտ իրավապահներն ու դատարանները հանցագործության մեջ մեղադրվողներին պահում են կալանքի տակ՝ հազվադեպ որոշում կայացնելով ազատության մեջ թողնել նրանց:

Թարմ օրինակ էլ ունի՝ «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի գործը։ Բազմաթիվ հիվանդություններ ունեցող կալանավորին դատապարտյալների հիվանդանոցից ազատ արձակեցին միայն մի քանի պատգամավորի անձնական երաշխավորության դիմաց՝ 3 միլիոն դրամ վճարելուց հետո․ - «Քանի որ նախնական կալանքը հիմք է, որ անձը փախուստի չի դիմի, չի խոչընդոտի, սակայն ամիսներ անց, ասենք, յոթ ամիս հետո այդ հիմքերը վերացվում է, և անձը պետք է հնարավորություն ունենա դուրս գալու: Իսկ եթե անձը պարբերաբար մնում է անազատության մեջ, չդատապարտված՝ պատժիչ տարրեր է կրում կալանավորումը»:

Զեկույցի հեղինակների ներկայացմամբ, Հայաստանում եվրոպակական երկների համեմատ 5 անգամ քիչ է բանտարկյալների վրա օրական ծախսվող գումարը, և դա է պատճառը, որ շատ բանտարկյալների հարազատները պարբերաբար սնունդ են տանում բանտեր․ - ««Այնտեղ չեն ստանում նաև պատշաճ սնունդ, որի արդյունքում, օրինակ, իմ պաշտպանյալների դեպքերում նրանք ինձ հայտնում են, որ շաբաթական առնվազն 50 հազար դրամ գումար է պետք, որ կարողանան հարազատները նրանց սնունդ տրամադրեն»:

Բանտերում հասարակական դիտորդական խմբի անդամ Ռուբեն Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում մատնանշում է մահացությունների վիճակագրությունը։ Ըստ զեկույցի, Հայաստանում 2014-ին բանտերում մահացել է 38 մարդ, ինչը ևս գերազանցում է եվրոպական միջին ցուցանիշը։ Մահացության պատճառներից մեկն էլ, վատորակ սննդից բացի, բուժսպասարկման խնդիրներն են, կարծում է Սարգսյանը․ - «Հիմնականում առողջական խնդիրներն է գերխնդիրը, որի պատճառով կամ չեն հասցրել, կամ շուտ չեն հասցրել բացահայտել խնդիրը: Գաղտնիք չէ, որովհետև նույն քրեակատարողական հիմնարկներում որակյալ աշխատողների պակասը մանավանդ բուժսպասարկման ոլորտում, զգացվում է»:

Եվրոպայի խորհրդի զեկույցի հեղինակները գրում են, որ եթե 2013-ին Հայաստանում բանտից ազատ է արձակվել 1464 մարդ, ապա 2014-ին այս ցուցանիշը կրկնակի նվազել է։

Ռուբեն Սարգսյանի կարծիքով, այս հարցում իր դերակատարությունն ունի նաև խիստ պատժաչափերի կիրառումը, ինչպես նաև դիտարկվող ժամանակահատվածում այլընտրանքյաին պատճամիջոցների բացակայությունը։

Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Եվրոպայի խորհրդի զեկույցին կարձագանքեն վաղը։