Ռիչարդ Միլսն այցելել է ՕՐՕ դաշինքի կենտրոնական շտաբ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր այցելել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի կենտրոնական շտաբ և հանդիպել դաշինքի նախընտրական ցուցակի առաջին եռյակի՝ Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վարդան Օսկանյանի հետ։

Ըստ դաշինքի հաղորդագրության, հանդիպմանը նաև մասնակցել են ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, նույն բաժնի քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հյուրերին ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքը, ինչպես նաև դաշինքի ծրագրերը՝ ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ։

«Կարևոր է, որ այս ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքները հանդես գան Հայաստանի ապագայի վերաբերյալ հստակ տեսլականով: Սա հիմք կհանդիսանա այնպիսի քարոզարշավի համար, որը դիտարկում է առկա հիմնախնդիրները և նպատակ ունի հայ ընտրողներին հնարավորություն տալ ընտրել ճանապարհային քարտեզ, որով առաջնորդվելիս կշարունակվի ինքնիշխան ու բարեկեցիկ պետության կառուցումը: Մենք հորդորում ենք բոլոր հայ ընտրողներին դառնալ ժողովրդավարական գործընթացի մասնակից և ապրիլի 2-ին մասնակցել քվեարկությանը, և ես խրախուսում եմ բոլոր մարդկանց տեղի չտալ իրենց քվեն գնելու կամ դրա վրա ներազդելու ցանկացած փորձի առաջ, և ցանկացած կուսակցության նման փորձերի մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին», - ասել է Միլսը: