Սերժ Սարգսյանը վաղը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանդիպում են Մոսկվայում, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահը կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: