Օհանյան․ դատաիրավական համակարգը թերացել է բանակում հանցագործությունները բացահայտելիս

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը այսօր հայտարարեց, որ զինված ուժերում տեղ գտած հանցագործությունները, ներառյալ սպանությունները բացահայտելու գործում դատաիրավական համակարգը թույլ է տվել բազմաթիվ թերություններ:

Կեսօրին մոտ Արմավիր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների ելույթներն ընդհատեց մոտ ութ տարի առաջ բանակում՝ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողի մայր Նանա Մուրադյանը, ով դիմելով Օհանյանին՝ ասաց, որ իր 19-ամյա որդուն բանակում սպանել են հենց նրա՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ:

«Էս, որ ասում են՝ վառելանյութի պակասի համար, տանկերն ու մեքենաները չկարողացան տեղ հասնել քառօրյա պատերազմում: Թե հիմա վարչապետը ասում ա, պաշտպանության նախարարն էլ հիմիկվա ասում ա՝ վարչապետին սխալ եք հասկացել, նա ասում ա անորակ վառելիք: Ախր, ինչի՞ պիտի վառելիքը գողանան, զինվորն էլ տեսնի, դրա համար սպանեն, գլուխը ուտեն զինվորի, որ հետո էլ ասեն վառելանյութի պակասի համար, կեղտոտ վառելանյութի համար՝ անորակ, տանկերը չեն հասել տեղ: Իմ տղուն հենց դրա համար են սպանել, որովհետև իմ տղեն ականատես ա եղել վառելանյութի գողությանը», - ասաց Նանա Մուրադյանը:

Չնայած իրավապահները պնդում են, որ 19-ամյա Վալերիկ Մուրադյանը բանակում ինքնասպան է եղել կախվելու միջոցով, սակայն տարիներ շարունակ նախագահի նստավայրի, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ անցկացնող, դատարանների դռները թակած տիկնոջ խոսքով՝ որդու մարմնի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ, որոնք կապ չունեն պաշտոնական վարկածի հետ:

Նանա Մուրադյանը նաև մեկն էր այն զոհված զինծառայողների մայրերից, որոնց նկատմամբ բռնի ուժ կիրառելով ոստիկանները հեռացրեցին նախագահի նստավայրի մոտից 2015 թվականի մայիսին:

Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը շուրջ 17 տարի ղեկավարած Օհանյանը արձագանքեց, թե բազմիցս հանդիպել է Նանա Մուրադյանին:

«Մի քանի տարի առաջ է եղել, և հիշում եմ մինչև հիմա այն թերությունը, որը որ թույլ էին տվել իրավապահ մարմինները հենց ձեր որդու հետ կապված․․․ Դեպքի հետ կապված հարցում: Եթե դուք հիշում եք, դատահետքաբանական փորձաքննության արդյունքները ուշացված էին եղել, և դրանից ելնելով նաև որոշակի թերություններ են եղել: Ես մինչև հիմա հիշում եմ: Ցավոք սրտի, իրավապահ մարմինները ինձ չեն ենթարկվել»:, - ասաց Սեյրան Օհանյանը:

2014 թվականից պաշտպանության նախարարության քննչական վարչությունը գործում է այդ թվականին ստեղծված Քննչական կոմիտեի կազմում, որը հիմնադրման պահից ղեկավարում է ավելի քան տասը տարի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած Աղվան Հովսեփյանը:

Սեյրան Օհանյանը շարունակեց, թե ինչ վերաբերում է բանակին, ապա Վալերիկ Մուրադյանի մահվան կապակցությամբ ծառայական քննություն է անցկացվել, և մարդիկ են պատժվել: Ասաց՝ անգամ աջակցել է, որպեսզի Նանա Մուրադյանը փորձառու փաստաբաններ ունենա:

«Անկասկած, թերություններ ունեցել են բոլորը, և նաև՝ ես էլ ունեցել եմ թերություններ: Բայց այդ թերությունների զգալի մասը ոչ թե պաշտպանության նախարարից է կախված եղել, այլ դատաիրավական համակարգից և այն ընդհանուր մթնոլորտից, որն այսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի», - ընդգծեց Օհանյանը:

Հանրահավաքից հետո «Ազատության» հետ զրույցում Օհանյանն անգամ ասաց, որ ժամանակին իր դժգոհությունն է հայտնել զինված ուժերում իրավապահների աշխատանքից:

«Ես այն ժամանակ այդ դժգոհությունն արտահայտել եմ, իհարկե, ոչ հրապարակավ: Գիտեք, այդ դժգոհությունների արդյունքում մենք [Աղվան Հովսեփյանի հետ] փոխադարձ պայմանավորվածություններ ենք միշտ ձեռք բերել, որպեսզի խորամուխ լինենք այդ խնդիրների իրականացմանը: Այսինքն, ոչ մի․․․ նաև իրավապահ մարմնի ղեկավար չի ցանկանա, որ խնդիրներ լինեն իրենց համակարգի աշխատանքում․․․Էսպես ազնվություն, անաչառություն լինելու համար: Պարզապես դրանք, կարծում եմ, որ սխալներ են ներքևի օղակներում, մարտավարական օղակներում, և այդ խնդիրը լուծել է պետք: Այդ խնդրի լուծման միակ ճանապարհը խստապահանջությունն է ենթակաների նկատմամբ, և նաև արդար մթնոլորտ ստեղծելը», - հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, 2011-2016 թվականներին ընթացքում զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների թիվը 197 է՝ գրեթե նույնքան, որքան զոհվել են հրադադարի ռեժիմի խախտումից՝ ներառյալ ապրիլյան պատերազմի հետևանքով՝ 206 հոգի: