«Ելք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող՝ թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային կարգով թեկնածու առաջադրված Էդմոն Մարուքյանն այսօր հանդիպում ունեցավ Վանաձորի տնակային ավաններից մեկի բնակիչների հետ: Տարիներ շարունակ տնակներում բնակվողներին Մարուքյանը հորդորեց քվեարկել «Ելք»-ի օգտին՝ խոստանալով շարունակել՝ քայլեր ձեռնարկել նրանց խնդիրները լուծելու համար:
«Ես հիմա գտնվում եմ Վանաձորի ամենախոցելի տարածքում, որտեղ ոչ մի պաշտոնյա երես չունի՝ գա կանգնի ու խոսա ձեզ հետ: Ես երես ունեմ այնքանով, որքանով, որ Ազգային Ժողովում մի շարք անգամներ թե՛ վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե՛ վարչապետ Հովիկ Աբրահամյանին էս հարցով դիմել եմ»,- ասաց Մարուքյանը:
Բնակիչների հետ զրուցում նա պարզաբանում էր, թե ինչու են իրենք դաշինքով մասնակցում ընտրություններին: «Մենք ձևավորել ենք «Ելք» դաշինքը: Ինչպես տեսաք Վանաձորի [քաղաքապետի] ընտրություններում, քաղաքական ուժերի պառակտված լինելը տարավ պարտության: Մենք ստեղծել ենք մի դաշինք, որը երեք ուժերի միություն է, որն իր ռեսուրսներն ավելի կենտրոնացնելով՝ փորձելու է մարտահրավեր նետել գործող Հանրապետական իշխանությանը և համակարգին»,- շարունակեց Մարուքյանը:
Պատասխանելով «Ազատության» հարցին, Էդմոն Մարուքյանն ասաց, թե առաջադրված 9 ուժերից «Ելք» դաշինքը միակն է, որը փոփոխություններ կբերի: Կարևորում են հատկապես մարզերի համաչափ զարգացումը, ասաց նա ու հավելեց․
««Ելք» դաշինքի ծրագրում գրած է տարածքային համաչափ զարգացում, ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ ես 5 տարի խորհրդարանում պայքարել եմ, որ դոտացիաների համակարգը փոխվի, որ մարզերը նույնպես զարգանան: Հայաստանը շերեփուկի պես է զարգանում, գլուխը՝ մեծ, մարմնի մյուս հատվածները՝ մանր, փոքր, չզարգացած»:
Վանաձորի բնակիչներն էլ իրենց հերթին «Ազատությանն» ասում էին, թե տարբեր կուսակցությունների կողմից մշտապես խոստումներ են միայն լսել: «Նենց մարդիկ են եկել ու հույս տվել․․․ու մնացել ենք սենց մոլորված կանգնած… ես ոչ մեկի տված խոստումներին չեմ հավատում»,- ասաց նրանցից մեկը: