«Այունիքի մարզում այս տարի նախատեսված մեր ծրագրերը, որոնք մենք ենք տեսնում, բազմաթիվ այլ ծրագրեր կարող են լինել մասնավոր կողմից, համայնքների կողմից, մարզպետի նախաձեռնությամբ և այլն, որը Կառավարությունը չի տեսնում, դա 55 միլիոն դոլար է, որը վերաբերում է տարբեր ոլորտների», - այսօր Գորիսում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Շարադրելով Սյունիքի զարգացման մասին Կառավության պատկերացումները՝ նա ասաց․ - «Մենք կարևորում ենք երեք ճյուղ: Դա հանքարդյունաբերությունն է, անասնապահությունը, գյուղատնտեսությունը: Սյունիքի մարզի առավելությունը Իրանի՝ մեր բարեկամ երկրի հետ հարևանությունն է: Այդ իսկ պատճառով մենք քննարկում ենք, բավականին ինտենսիվ բանակցում ենք մեր իրանական գործընկերների հետ հետևյալ թեմայի շուրջ․ Իրանի սահմանին մենք ստեղծելու ենք ազատ տնտեսական գոտի: Հաջորդը, այսօր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը իր իրանցի գործընկերոջ հետ ստորագրել է մի փաստաթուղթ, որով իրանական կողմը ապրանքների որակավորման ինստիտուտն է ներդնում Հայաստանում: Ե՛վ առողջապահության, և՛ կրթության և բոլոր ոլորտներով մենք ունենք հստակ ծրագրեր, թե ոնց ենք գնալու, ինչ են անելու»:
«Ուզում եմ, որ դուք միանշանակ համոզված լինեք: Կարող ա թվալ, ամպագոռգոռ կամ ֆանտաստիկայից ա դա, մենք իրականում շանս ունենք որոշ ժամանակ անց ունենալ բարվոք երկիր, որով մենք կարող ենք բոլորս հպարտանալ», - եզրափակեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետին այսպիսի հարց ուղղվեց՝ լուրեր են տարածվել, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարող է վերադառնալ իր պաշտոնին, որքանո՞վ է դա հավաստի: Ի պատասխան, Կարեն Կարապետյանը նշեց․
«Այսօրվա թիմը, որն աշխատում է, աշխատելու է այնքան ժամանակ, ինչքան ինքը էֆեկտիվ է լինելու: Որևէ մեկը երաշխավորված չէ, որ եթե ինքը էֆեկտիվ չի, ապա էս պաշտոնը պապական իրենն է լինելու: Այս պահին մենք Սյունիքի մարզպետի աշխատանքից գոհ ենք, որևէ պրոբլեմ չենք տեսնում»: