Սաֆարյան․ «Ազատ դեմոկրատները» մարդկանց կհանեն հուսահատության ճիրաններից

Ստյոպա Սաֆարյան, Երևանի Քանաքեռ Զեյթուն համայնք, 10-ը մարտի, 2017 թ․

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից Երևանի Քանաքեռ Զեյթուն համայնքում ռեյտինգային կարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանը հայտարարում է, թե պայքարից չի վախենում, մրցակիցներին էլ կոչ է անում այդ պայքարը քաղաքակիրթ ձևով տանել։

«Որքան էլ նախկին ընտրությունները երբեմն այս ընտրատարածքում աչքի են ընկել ոչ այնքան ցանկալի դրսևորումներով, հույս ունենանք, որ բոլորս կհասկանանք և՛ մեր ընտրողի քվեի նշանակությունը, և՛ մեր ճակատագրի համար դրա վճռորոշ նշանակությունը»,- ասաց Սաֆարյանը:

Ըստ նրա, «Ազատ դեմոկրատների» ծրագիրը երազանքի ծրագիր է՝ համարձակ է, հավակնոտ և ուղղված է երիտասարդներին։ Ստյոպա Սաֆարյանից բացի, ի դեպ, կուսակցությունն այս համայնքում ևս հինգ երիտասարդ թեկնածուների է առաջադրել։ «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն ասաց՝ այդպիսով ցանկանում են Ազգային ժողովում մթնոլորտ փոխել։

«Փորձառու Սաֆարյանի հետ հա՛մ փորձառություն ձեռք կբերեն, հա՛մ, այո, համարձակորեն քայլեր կանեն դեպի Ազգային Ժողով: Ես ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ մենք ազատ դեմոկրատներ չենք լինի, եթե երիտասարդությանը չփորձեինք և չբերեինք Ազգային Ժողով»,- ասաց Քոքոբելյանը:

Կուսակցության թեկնածուներն այսօր համայնքի տարածքում իրենց նախընտրական թերթիկներն էին բաժանում։ Բնակիչների մի մասն ասում էր, թե խոստացել են իրենց ձայներն այլ կուսակցության տալ, ոմանք էլ ասում էին՝ գումարի առաջարկների են սպասում։ «Տակը գրելու եմ՝ ոչ մեկին չեմ ընտրում, որովհետև ոչ մեկի հանդեպ հավատ չունեմ», «Կամ էլ ով շատ փող տա, նրան կընտրեմ, որ վերևից կաշառված են բոլորը, ես խի՞ հասարակ մարդ, չկաշառվեմ», նաև ասում էին բնակիչները: Ստյոպա Սաֆարյանը հակադարձեց․ «Մենք ձեզ երբեք չենք լքելու»:

Ազատության պողոտայում հավաքված տաքսու վարորդներն էլ ասում էին, թե հիասթափված են, քանի որ ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ միավորվել՝ «Գիտե՞ք ինչքան ձայներ եք կորցնելու»: Սաֆարյանը համաձայնեց այդ դիտարկմանը:

Նա հավելեց՝ առանց քարոզարշավ անցկացնելու էլ տեսանելի է, թե ընտրողն ինչքան հիասթափված է։ «Ես փորձելու եմ պայքարել յուրաքանչյուր մարդու հուսահատության ճիրաններց հանելու համար: Եթե դա չանենք, մենք քաղաքականության մեջ անելիք չունենք: Հասարակությունը ցանկանում է փրկվել և եթե հավատում է, կգնա այդ մարդկանց հետևից։ Իսկ հավատը կորել է բոլոր ժամանակների ընդդիմության մեղքով»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: