Մարտի 15-ին տեղի կունենան Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, արխիվ

Նոր պատրիարքի ընտրության հարցի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով փետրվարի 23-24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշվել էր տեղապահի ընտրություն անցկացնել` «ճանապարհ հարթելով պատրիարքի ընտրության համար»:

Վերջին տասնամյակում Ստամբուլի հայ համայնքի օրակարգային խնդիրներից մեկի` նոր պատրիարքի ընտրության հարցի լուծմանն ուղղված առաջին հստակ քայլերն են ձեռնարկվում: «Ակօս» պարբերականի հաղորդմամբ, հաջորդ շաբաթ` մարտի 15-ին տեղի կունենան Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններ, որոնց արդյունքները, հավանաբար, հայտնի կդառնան նույն օրը:

Պատրիարքարանի 30 հոգևորականներ փակ քվեարկությամբ տեղապահ կընտրեն այդ պաշտոնին հավակնող երեք թեկնածուներից մեկին: Տեղապահի ընտրություններում իրենց թեկնածությունն են առաջադրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Ընտրություններից հետո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը պետք է թողնի իր պաշտոնը: Նորընտիր տեղապահը պատրիարքարանը ղեկավարելու է մինչև նոր պատրիարքի ընտրվելը, միևնույն ժամանակ, նախապատրաստելով ընտրության գործընթացը: «Ակօս»-ի փոխանցմամբ` Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ընտրություններին մասնակցելու նպատակով այսօր երեկոյան կժամանի Ստամբուլ:

Նոր պատրիարքի ընտրության հարցի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով փետրվարի 23-24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշվել էր տեղապահի ընտրություն անցկացնել` «ճանապարհ հարթելով պատրիարքի ընտրության համար»: Էջմիածնում տեղի ունեցած քննարկումներից հետո տեղապահի թեկնածու Սահակ եպիսկոպոս Մաշալյանը «Ակօս»-ին տված հարցազրույցում նշել էր, որ ճիշտ կլինի, որպեսզի տեղապահ ընտրվի արքեպիսկոպոս Բեքչյանը: նա Արամ Աթեշյանին հորդորել էր չառաջադրել իր թեկնածությունը, սակայն, Աթեշյանը չէր համաձայնվել:

Արքեպիսոկոպոս Բեքչյանին իր աջակցությունն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարքի հավանական թեկնածուներից ևս մեկը` Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: «Ակօս»-ում հրապարակված գրավոր ուղերձում արքեպիսկոպոս Չուլջյանը, կարևորելով խնդրի անկողմնակալ հանգուցալուծումը, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևորականներին կոչ է արել տեղապահի ընտրություններում սատարել Գարեգին Բեքչյանին: Չուլջյանը հույս է հայտնել, որ տեղապահի ընտրությունները հարթ կանցնեն, և դրա տրամաբանական շարունակությունը նոր պատրիարքի ընտրությունը կլինի:

Անցած տարվա հոկտեմբերի վերջին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած եկեղեցական ընդհանուր ժողովի ժամանակ Հոգևոր խորհուրդը, առաջնորդվելով եկեղեցական կանոնադրությամբ և ավանդույթներով, 2008 թվականից ի վեր ծանր հիվանդության պատճառով փաստացիորեն անգործունակ վիճակում գտնվող ներկայիս պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ուխտը լուծարված էր համարել` օրակարգ բերելով նոր պատրիարք ընտրելու հարցը: Ընտրության գործընթացի ձգձգումը ստամբուլահայ համայնքում բուռն քննարկումների ու հակասությունների պատճառ էր դարձել: