«Ասոշիյթեդ Փրես»-ը և NBC-ն հաղորդում են, որ Սպիտակ տունը Յուտայի նախկին նահանգապետ, 56-ամյա Ջոն Հանթսմանին առաջարկել է Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը, վերջինս էլ ընդունել է այդ առաջարկը: Ըստ որոշ լուրերի, փետրվարի վերջին Հանթսմանը մի քանի հանդիպում է ունեցել պետքարտուղար Թիլերսոնի հետ: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հանթսմանին Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակելու հետ կապված հարցեր:
Ամերիկյան մամուլն արձանագրում է՝ նախագահ Դոնալդ Թրամփը Հանթսմանի թեկնածությունն է առաջադրում ամենազգայունը համարվող և բարձր հմտություններ պահանջող դիվանագիտական պաշտոններից մեկի համար այն պահին, երբ ՀԴԲ-ն և Կոնգրեսը դեռ հետաքննում են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությանն առնչվող մեղադրանքները: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր նշել է, թե կողջունեն Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի ցանկացած թեկնածուի, որը երկու երկրների միջև երկխոսության հաստատման համոզված կողմնակիցը կլինի:
Ջոն Հանթսմանը մորմոն է, ԱՄՆ Յուտա նահանգի նախկին նահանգապետն է: Նախագահ Ջորջ Բուշի օրոք նա եղել է Սինգապուրում, իսկ նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանը: 2012 թվականին հանրապետական Ջոն Հանթսմանը նախագահական ընտրապայքարի մեջ էր մտել, սակայն, ներկուսակցական պայքարում զիջել էր Միթ Ռոմնիին:
Հանթսմանի ընտանիքին է պատկանում «Հանթսման քորփորեյշն» ընկերությունը: Հանթսմանները բարեգործական խոշոր նախագծեր են իրականացրել նաև Հայաստանում՝ երկրաշարժից տուժած շրջաններում կյանքի կոչելով մոտ 18 միլիոն դոլարի օգնության ծրագրեր: Հանթսմանների ընտանիքի միջոցներով Գյումրիում բնակելի շենքեր և հանրակրթական դպրոց է կառուցվել:
«Հանթսման ինթերնեյշընլ»-ը Հայաստանում նաև բետոնային կոնստրուկցիաների գործարան էր կառուցել՝ աղետի գոտու ավերված բնակավայրերի վերականգնմանը նպաստելու համար: Այդ գործարանն ավելի ուշ վաճառվել էր, իսկ վաճառքից ստացված գումարներից ավելի քան 1 միլիոն դոլար նվիրաբերվել էր Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն այդ գործարքում հանցակազմ էր գտել, ու 2012 թվականին փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել, որն ավելի ուշ կարճվեց:
Ռուսաստանում ԱՄՆ-ի հավանական դեսպանի հայրը՝ Ջոն Հանթսման ավագը բազմաթիվ այցելություններ է կատարել Հայաստան: Իրականացրած բարեգործական ծրագրերի համար նրան շնորհվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանաշան: Ջոն Հանթսման ավագը նաև Գյումրիի պատվավոր քաղաքացի է: