Երևանում կանցկացվի միջազգային ռռք փառատոն

Music DriveFestival եռօրյա փառատոնը կանցկացվի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մարտի 24-26-ը:

Փառատոնը նախաձեռնել և կազմակերպել է Հայաստանի «Ռոք ասոցիացիան»՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ:

Այսօր հրավիրված ասուլիսին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ 32 մլն դրամ է հատկացվել նախարարության կողմից փառատոնի անցկացման համար․ - «Ինչո՞ւ ռոք փառատոն միջազգային․ որովհետև ռոքը երիտասարդությունն է, ռոքը ազատ մտածողությունն է, ռոքը այն ազատությունն է, որին մենք ձգտում ենք բոլորս: Այս ռոք փառատոնը գալիս է ավելի գունազարդելու, գունավորելու մեր գարունը: Ես համոզված եմ, որ մեր քաղաքին, մեր կյանքին, մեր համաքաղաքացիներին մի նոր գույն ու երանգ է փոխանցելու այս փառատոնը: Շատ ուրախ եմ, որ դրսից այդքան շատ խմբեր են գալիս: Փառատոնը ոչ միայն դահլիճային ենք կազմակերպում․ նաև դրսի հատված ունենք: Դրսում կնվագեն երաժիշտները, իսկ դա, անշուշտ, կփոխի տրամադրությունը մեր քաղաքի, մեր համաքաղաքացիների»:

«Ռոք ասոցիացիայի» նախագահ Վարդան Գրիգորյանն ասաց․ - «Ինքը երաժշտական միջազգային փառատոն է և ունենալու ենք ութ խումբ արտերկրից՝ Շվեդիայից, Իսլանդիայից, Դանիայից, Անգլիայից, Միացյալ Նահանգներից: Կան և բավականին հայտնի խմբեր, կան շատ վիրտուոզ երաժիշտներ, և ունենք լավ խմբեր Հայաստանից, որոնք մասնակցելու են այդ փառատոնին: Իմաստներից մեկը նա է, որ էդ հարթակում մենք Հայաստանի տեսանելիությունը ապահովենք միջազգային երաժշտական կյանքում, դառնանք փառատոնային, որ այստեղ էլ ռոք փառատոները, ջազ փառատոները նկատելի լինեն ամբողջ քաղաքակիրթ աշխարհում: Ես ուզում եմ, որ մեր մոտ համերգներ տեղի ունենան, շատ համերգներ: Ոչ թե միջոցառումներ տարբեր տոների կապակցությամբ»:

Փառատոնի նպատակն է թե՛ հայաստանցի, թե՛ արտասահմանից ժամանող երաժիշտների շնորհիվ ոչ միայն ժամանակակից ռոքը ներկայացնել, այլև հայ երաժշտասերներին, նաև այդ օրերին Հայաստանում գտնվող զբոսաշրջիկներին ներկայացնել ու ծանոթացնել բազմաշերտ ու բազմաժանր ժամանակակից երաժշտությանը․ 20-ից ավելի խմբեր են մասնակցելու այս ռոք փառատոնին՝ Հայաստանից և արտասահմանից:

Բայց ահա մեր երիտասարդ երաժշտասերներից ոմանք համամիտ չեն, որ կոնկրետ այս փառատոնը կնպաստի զբոսաշրջության աշխուժացմանը․ պարզվում է, որ Վրաստանում նույն այդ երեք օրերին ոչ պակաս ուշագրավ համերգներ են նախատեսված:

«Մարտի 24-ին Վրաստանում տեղի է ունենալու Moderat-ի համերգը, որը աշխարհահռչակ էլեկտրո երաժշտության խումբ է: Անցկացվելու է մի դահլիճում, որը մոտավորապես 5-7 հազար մարդ է տեղավորում: Իսկ արդեն մոտ 10 հազար մարդ նշել է Ֆեյսբուքում, որ մասնակցելու է այդ համերգին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննես Սահակյանը՝ հավելելով, որ մարտի 26֊ին Թբիլիսիում նախատեսված է իսլանդացի հայտնի երգչուհի Սոլեյի համերգը: Երաժշտասերի խոսքով, նույն գումարով կարելի էր Հայաստան հրավիրել ընդամենը մեկ խումբ, բայց՝ ավելի ուշ, ասենք, ապրիլի վերջին, և համերգը կազմակերպել ոչ թե Երևանում, այլ Դիլիջանում կամ Սևանում:

Ասուլիսին մասնակցող ռոք երաժիշտների խոսքով, այսօր մեզ մոտ ռոքը պահանջված է և ամեն տարի այս ժանրում ստեղծագործող նորանոր անուններ են ի հայտ գալիս: Նրանք հաջողությամբ ստեղծագործում են ռոքի ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: Եռօրյա այս փառատոնին հրավիրվել են մասնակցելու Հայաստանում ռոքը ներկայացնող տարբեր սերունդների երաժիշտներ:

Ինչպես շեշտում է փառատոնի մասնակից Վահան Արծրունին․ - «Հատուկ ընտրվել են խմբեր, որոնք դրսում ճանաչվելու պատնեշը հաղթահարել են»:

«Ինֆորմացիոն դաշտը: Որովհետև ինքնադրսևորման տիրույթները փառատոնի բոլոր մասնակիցները նվաճել են շատ վաղուց: շԵվ այդ առումով շատ ներկայանալի է փառատոնը», - հավելեց Արծրունին: